Վերջերս Սպիտակ տանը Ամերիկայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպմանը ԱՄՆ պետքարտուղար Քոլին Փաուելլը ողջունել է պաշտոնական Երեւանի հաստատուն դիրքորոշումը ղարաբաղյան կարգավորման հարցում: Միաժամանակ, ինչպես տեղեկացրել է «Արմինֆո» գործակալությանը հանդիպման մասնակիցներից մեկը` հայ համայնքի հայտնի գործիչ, որը ցանկացել է անհայտ մնալ, պետքարտուղարը դժգոհություն է հայտնել «այդ հարցում ադրբեջանական իշխանությունների անսկզբունքայնության վերաբերյալ», քանզի պաշտոնական Բաքուն նախ ընդունել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով Քիուեսթյան պայմանավորվածությունները, այնուհետեւ խստացրել է իր դիրքորոշումը: Աղբյուրը հայտնել է նաեւ, որ հանդիպմանը մասնակից հայկական իշխանությունների ներկայացուցիչը կրկին հաստատել է պաշտոնական Երեւանի դիրքորոշումը, որ ղարաբաղյան կարգավորման հարցում Հայաստանը ոչ մի փոխզիջման չի գնա, եթե նախատեսվի Ստեփանակերտի ենթարկումը պաշտոնական Բաքվին:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: