AM
20 November 2009 - 14:30 AMT

ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարները քննարկեցին համաշխարհային ճգնաժամի հետեւանքների հաղթահարման հարցերը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով գտնվում է Յալթայում: ԱՊՀ անդամ պետությունների կառավարչությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին մասնակցող պատվիրակության կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, ԱՊՀ կանոնադրական եւ այլ մարմիններում ՀՀ մշտական լիազոր ներկայացուցիչ, Բելառուսի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Օլեգ Եսայանը, Ուկրաինայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Խաչատրյանը, պաշտոնատար այլ անձինք:

Այսօր Ուկրաինայի Յալթա քաղաքի «Լիվադիա» պալատում գումարվել է ԱՊՀ անդամ-պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը:

Համաձայն ձեւավորված ավանդույթի` ԱՊՀ կառավարական պատվիրակությունների ղեկավարներին ընդունել է հյուրընկալ երկրի կառավարության ղեկավարը` Ուկրաինայի վարչապետ Յուլյա Տիմոշենկոն: Դիմավորման արարողությունից հետո տեղի է ունեցել կառավարությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով հանդիպում, որը շարունակվել է ընդլայնված կազմով` «1+5» ձեւաչափով:

ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում քննարկվել են ավելի քան երկու տասնյակ փաստաթղթերի նախագծեր, որոնք ուղղված են ԱՊՀ անդամ-երկրների միջեւ համագործակցության ակտիվացմանն ու խորացմանը տնտեսական եւ հումանիտար ոլորտներում, միգրացիոն քաղաքականության, անվտանգության ապահովման հարցերում:

Կառավարությունների ղեկավարները մեկօրյա հանդիպման շրջանակներում քննարկել են համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից դուրս գալու եւ դրա բացասական հետեւանքների հաղթահարման ուղղությամբ ԱՊՀ անդամ-պետությունների կողմից համատեղ միջոցառումների ձեռնարկման մասին որոշման նախագիծը: 2009-2010 թվականներին համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցության մեղմացման ուղղությամբ նախատեսված համատեղ միջոցառումների ծրագիրը կազմվել է ԱՊՀ անդամ-պետությունների առաջարկությունների հիման վրա եւ պարունակում է ոլորտում վարվող համաշխարհային քաղաքականության հիմքում ընկած մեխանիզմներ, որոնք ուղղված են փոխադարձ առեւտրում արգելքների հաղթահարմանը եւ անդամ-պետությունների ներքին շուկաների պաշտպանության գործում ուժերի կոորդինացմանը: Նիստում մի շարք առաջարկներ են հնչեցվել ֆինանսատնտեսական գործունեությունն առավել թափանցիկ դարձնելու վերաբերյալ, որոնք կարող են իրագործվել գնային կարգավորումների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման, սոցիալական եւ ենթակառուցվածքային շուկաներում մրցակցության շնորհիվ: Քննարկվել է նաեւ առավել ցածր եկամուտ ունեցող անդամ-պետություններին աջակցության միջոցառումների ձեռնարկման հարցը: