AM
20 Նոյեմբեր 2009 - 14:43 AMT

Պաշտոնական Վիլնյուսը ողջունում է հայ-թուրքական Արձանագրությունների ստորագրումը

Լիտվան ողջունում է Ցյուրիխում Հայաստանի ու Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ սահմանի բացման մասին Արձանագրությունների ստորագրումը: Այդ մասին այսօր Երեւանում Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտնեց Լիտվայի ԱԳՆ ղեկավար Վիգաուդաս Ուշացկասը:

Լիտվայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ավելացրեց նաեւ, որ պաշտոնական Վիլնյուսն օժանդակում է Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ երկխոսության շարունակությունը, եւ հույս հայտնեց, որ բանակցային գործընթացը կհանգեցնի ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը:

«Ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը կարեւոր ու զգայուն հարց է ոչ միայն Երեւանի ու Բաքվի, այլեւ ողջ տարածաշրջանի համար»,- ընդգծեց Լիտվայի ԱԳՆ ղեկավարը:

Խոսելով Վրաստանի ու Լիտվայի կողմից առաջարկված 3+3 ձեւաչափի մասին, որը ներառում է Հարավային Կովկասի ու մերձբալթյան երեքական պետություններ, Վիգաուդաս Ուշացկասը նկատեց, որ այդ ձեւաչափը բաց է նաեւ Թուրքիայի համար:

«Թուրքիան կարեւոր դեր է խողում Հարավային Կովկասի տարածաշրջանում: Այժմ 3+3 ձեւաչափը չկա, բայց եթե տարածաշրջանում շարունակվեն դրական գործընթացները, ապա 3+3+1 ձեւաչափը կարող է իրագործվել»,- ասաց Լիտվայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

3+3 ձեւաչափը ներառում է Հարավային Կովկասի երեք երկրները` Ադրբեջանը, Հայաստանն ու Վրաստանը եւ երեք մերձբալթյան պետությունները` Լատվիան, Լիտվան ու Էստոնիան: