Հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումը Հայաստանի վրա ճնշում գործադրելու լծակների են վերածվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Այս մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՅԴ «Հայ դատի» կենտրոնական գրասենյակի քաղաքական հարցերով ղեկավար Կիրո Մանոյանը : Նրա խոսքերի համաձայն, այս ամենի պատճառն այն է, որ Թուրքիան հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացը կապում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի հետ:
«Բացի հայ-թուրքական հարաբերությունների եւ ղարաբաղյան հարցի կարգավորումից, մենք նաեւ ջանում ենք դուր գալ երրորդ կողմին` գերտերությունների ներկայացուցիչներին», – ասել է Կիրո Մանոյանը, ավելացնելով, որ հայ հասարակությունը պետք է ճնշում գործադրի հայաստանյան իշխանությունների վրա, որպեսզի նրանք զիջումների չգնան ո’չ ղարաբաղյան հարցում, ո’չ Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման հարցում:
Հայ-թուրքական արձանագրություններին անդրադառնալով, Մանոյանը նշել է, որ Թուրքիան, ամենայն հավանականությամբ, կերկարաձգի արձանագրությունների վավերացման գործընթացը եւ, որ Հայաստանը ոչ թե պետք է սպասի, այլ պետք է հստակ արտահայտի իր դիրքորոշումն այդ հարցում:
Ինչ վերաբերում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմական գործողությունների վերսկսմանը, Մանոյանն ասաց, որ Անկարան կաջակցի Բաքվին, բայց ռազմական գործողություններին անմիջական մասնակցություն չի ունենա:






