Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Հարավարեւելյան Եվրոպայի, Կովկասի ու Կենտրոնական Ասիայի երկրների գծով բիզնես խմբի տնօրեն Օլիվյե Դեկամպը ժամանել է Հայաստան` ծանոթանալու համար բանկի ընթացիկ գործունեությանը Հայաստանում եւ հետճգնաժամային շրջանում նրա վերականգնմանը նպաստելու նպատակով: «Հայաստան ժամանելուս գլխավոր պատճառն այն էր, որ ես ցանկանում էի ծանոթանալ, թե ինչպես է Հայաստանը մեծ հաջողությամբ հաղթահարում համաշխարհային ճգնաժամի հետեւանքները, եւ ինչպես կարող ենք մենք նպաստել նրան այդ գործընթացում, որպեսզի նա նվազագույն կորուստներով դուրս գա ճգնաժամից»,-լրագրողներին է ասել Դեկամպը Երեւանում: Ըստ նրա, եթե Հայաստանը համեմատենք բազմաթիվ այլ երկրների հետ, որոնք հաղթահարում են ճգնաժամը, կարող ենք նշել մի քանի դրական ասպեկտներ: «Առաջինը, ՀՀ բանկային համակարգը կայուն եղավ ռեցեսիայի հանդեպ բարձր լիկվիդայնության եւ կապիտալիզացիայի շնորհիվ: Դա Կենտրոնական բանկի տարիներ շարունակ վարած կոշտ քաղաքականության արդյունք է»,-ասել է ՎԶԵԲ-ի բիզնես խմբի տնօրենը:
Բացի այդ, ըստ Դեկամպի, ՀՀ կառավարությունը «բավարար դաշտ ուներ մանեւրելու համար»` միջազգային կառույցներից (ԱՄՀ, ՀԲ) եւ ՌԴ-ից վարկեր ստանալու համար, ինչպես նաեւ ՀՀ ֆինանսների նախարարության կոշտ քաղաքականության շնորհիվ: Այս համատեքստում նա հավելել է, որ երկրի վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպմանը ակնհայտ դարձավ, որ կառավարությունը հստակ պարտավորություններ է ստանձնել բարեփոխումներ կատարել ճգնաժամի պայմաններում, մասնավորապես, ուղղված ենթակառուցվածքների զարգացմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, լուծել արդիականացման եւ ինովացիաների հետ կապված հարցերը:
Հայաստան կատարած երկօրյա այցի շրջանակներում Օլիվյե Դեկամպը հանդիպել է վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ, հանդիպումներ կունենա էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի, ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանի, ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի եւ քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հետ: Դեկամպը կհանդիպի նաեւ միջազգային ֆինանսական կառույցների, դիվանագիտական եւ դոնորական կազմակերպությունների, ինչպես նաեւ ՎԶԵԲ-ի ներդրումներից օգտվող մի շարք ընկերությունների եւ բանկերի ներկայացուցիչների հետ: