Սահմանամերձ երկրների հետ առեւտրական հարաբերությունների բարելավման դեպքում, համախառն ներքին արտադրանքի մակարդակը Հայաստանում կաճի առնվազն 30 տոկոսով, իսկ արտահանման ծավալները կրկնակի անգամ կավելանան: Այդպիսի կանխատեսում է արվել, օրերս Լոնդոնում կայացած, տնտեսական համաժողովի ընթացքում` նվիրված «Աղքատության նվազեցումը, պարտքի կայունությունն ու աճը եկամուտների ցածր մակարդակ ունեցող ԱՊՀ երկրներում» թեմային: Ինչպես հաղորդել է, համաժողովի աշխատանքներին մասնակցած,Հայաստանի ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը, Լոնդոնում որոշում է ընդունվել Հայաստանի տնտեսության բարեփոխումների հետագա քաղաքականության վերաբերյալ: Մասնավորապես, հիմնական շեշտը դրվել է հարկերի հավաքագրման քաղաքականության ուժեղացման եւ բյուջետային դեֆիցիտի հիմնախնդիրը օտարերկրյա դրամաշնորհների եւ վարկերի միջոցով լուծելուց աստիճանաբար հրաժարվելու վրա: «Այլ կերպ ասած, Հայաստանի կառավարությունը ստիպված կլինի հրաժարվել մշտապես դրսից վարկեր ստանալով,տնտեսությունը վերակենդանացնելու սովորությունից»,- ընդգծել է Խաչատրյանը: Այնուամենայնիվ, նրա խոսքերով, ընթացիկ եւ հաջորդ տարում Հայաստանը Համաշխարհային Բանկից, կառուցվածքային բարեփոխումների շրջանակներում, կստանա SAC-V վարկը` 40 միլիոն դոլար ընդհանուր ծավալով, տարեկան 20 միլիոն դոլարի չափով: Հետագայում վարկավորման ծավալները այդ ուղղությամբ կկրճատվեն, իսկ ապագայում Հայաստանը ընդհանրապես կհրաժարվի նմանատիպ օգնությունից:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: