Մակրոտնտեսական զարգացման հիմնական միտումի պահպանման դեպքում, մինչեւ 2010 թվականը Հայաստանը արտաքին պարտքի սպասրկման հետ կապված խնդիրներ չի ունենա: Այդպիսի եզրակացության են եկել միջազգային ֆինանսական կառույցները եւ դոնոր-երկրները օրերս Լոնդոնում կայացած սեմինարի ընթացքում, որը նվիրված էր ԱՊՀ երկրներում տնտեսության աճի, աղքատության մակարդակի իջեցման եւ արտաքին պարտքը սպասարկելու հնարավորությունների հիմնախնդիրներին: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանը հայտնել է, Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքից վերադարձած, Հայաստանի ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Խաչատրյանը: Նրա խոսքերով, միջազգային փորձագետների կողմից Հայաստանի վճարունակության դրական գնահատականը տրվել է` ելնելով մի շարք հիմնական մակրոտնտեսական ցուցանիշներից: Այդպես, միջազգային պրակտիկայի համաձայն, երկիրը «պարտքերի փոսն» է ընկնում այն դեպքւմ, եթե արտաքին պետական պարտքի չափը գերազանցում է արտահանման մակարդակի 150 տոկոսը, մինչդեռ Հայաստանում այդ ցուցանիշը կազմում է 135 տոկոս: Պետական պարտքի սպասրկման արժեքը չպետք է գերազանցի արտահանման 20 տոկոսը, իսկ Հայաստանում այդ ցուցանիշը հավասար է 10,5 տոկոսի:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: