AM
27 February 2002 - 14:55 AMT

ԲԱՔՈՒՆ ՊԵՏՔ Է ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԱՐԻ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՀԵՏ

Հանդես գալով նոր առաջարկներով ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետք է հաշվի առնեն մի շարք կարեւոր գործոններ,- Բաքվի «Զերկալո» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի Սոցիալ-ժողովրդավարական կուսակցության նախագահ Զարդուշտ Ալիզադեն: Այդ գործոնները թվարկելիս` նա նշել է, որ «Լեռնային Ղարաբաղը ճանաչվում է Ադրբեջանի տարածք, սակայն դե-ֆակտո այդ հողերը գտնվում են Հայաստանի վերահսկողության տակ: Բացի դրանից, Հայաստանը հաղթել է նաեւ քարոզչական պատերազմում, եւ ոչ քիչ թվով ուժեղ դաշնակիցներ ունի աշխարհում»: Այդ պատճառով, Ալիզադեն գտնում է, որ ներկա պայմաններում խաղաղ պայմանագրի կնքումը չի ելնում Ադրբեջանի շահերից: Միեւնույն ժամանկ նա հակամարտության կոնսերվացման դեմ է արտահայտվել, քանի որ դա ավելի կթուլացնի ադրբեջանական ժողովրդի ազգային ոգին: «Կարծում եմ, որ Բաքուն ի դեմս ներքին գործերի նախարարի, պետք է բանակցի ղարաբաղյան անջատողականների առաջնորդների հետ: Նման նախադեպ կա աշխարհում` ժամանակին Անգլիայի եւ Իսպանիայի կառավարությունները բանակցել են ապստամբների հետ: Ելցինը նույնպես երկխոսություն է վարել Մասխադովի եւ Յանդարբիեւի հետ: Պաշտոնական Թբիլիսին բանակցել է աբխազ անջատողականների հետ: Այնպես որ, դրանում ոչ մի անհեթեթ բան չկա»,- ընդգծել է Ալիզադեն:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: