Հայ-թուրքական սահմանի բացման դեպքում Հայաստանը կարող է արտահանել էլեկտրաէներգիա: Այս մասին Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսին հայտարարեց Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը : «Եթե Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանը բացվի, մենք կարող ենք արտահանել 200-300 մլն. դոլար ընդհանուր արժողությամբ էլեկտրաէներգիա», – ասաց նա:
Միեւնույն ժամանակ Վազգեն Սաֆարյանը նշեց, որ տեղական արտադրողները պետք է զգուշանան թուրքական զավթողականությունից, քանի որ թուրքական ապրանքը ավելի մրցունակ է` շնորհիվ ժամանակակից տեխնոլոգիաների: Այդ պատճառով, ըստ նրա, Հայաստանը պետք է զարգացնի գիտատեխնիկական արտադրությունը, ինչը հնարավորություն կտա թուրքական շուկայում մրցակցելու:
Բացի դրանից, միության նախագահի կարծիքով, արդյունաբերական բնագավառի զարգացման համատեքստում Հայաստանը պետք է արտադրի վերջնական արտադրանք, այլ ոչ թե արտահանի հումք (պողպատ, մոլիբդեն):