Ամեն անգամ Սումգաիթում հայերի կոտորածի հերթական տարեդարձի նախօրեին Ադրբեջանի պրոպագանդիստական մեքենան ուռճացնում է Խոջալուի թեման` հասարակական կարծիքն ապակողմնորոշելու եւ երբեմնի ինտերնացիոնալ քաղաքում հայ բնակչության դեմ զանգվածային հանցագործություններից միջազգային հանրույթի ուշադրությունը շեղելու նպատակով: Ընդ որում, «Խոջալուի» մասշտաբներն աճում են ամեն տարով` արհեստականորեն շատացվում է զոհերի, գերիների թիվը: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանը հայտնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային Ժողովի արտաքին կապերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը: Միաժամանակ, ընդգծել է պատգամավորը, Լեռնային Ղարաբաղի հայերի համար Խոջալուի կրակակետերի ընկճումը, ինչպես նաեւ հանրապետությունում ադրբեջանաբնակ տեղանքում գտնվող միակ օդանավակայանի ապաշրջափակումը ծայրահեղ կարեւոր էր բնակչության ֆիզիկական գոյատեւման համար: Հիշեցնենք, որ 1990-91 թվականներին Ադրբեջանի կողմից Խոջալու էր ինտենսիվ կերպով նետվում բավականաչափ կենդանի ուժ եւ մեծ քանակությամբ ռազմական տենիկա: Խոջալուի կրակակետերի ընկճման գործողությունների անցկացման նախապատրաստման վերաբերյալ ԼՂՀ իշխանությունները ադրբեջանական կողմին իրազեկ էին պահել դեռեւս այն սկսելուց երկու ամիս առաջ, որը բազմիցս հաստատվել է եւ պաշտոնական Ադրբեջանի կողմից:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: