AM
1 December 2009 - 11:28 AMT

Firstone հնդկական ոսկերչական ընկերությունը ներդրում է կատարելու ադամանդի վերամշակման «Լորի» ՍՊԸ-ում

Դեկտեմբերի 1-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այցելեց ադամանդի վերամշակման «Լորի» ՍՊ ընկերություն: Ձեռնարկությունում ընդհանուր ծանոթության շրջայց կատարելուց հետո աշխատանքային ժողով տեղի ունեցավ, որին ընկերության ղեկավարությունից եւ Հայաստանի էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանից բացի ներկա էին նաեւ հնդկական Firstone ընկերության ներդնողները:

Աշխատանքային ժողովի արդյունքների համաձայն լրագրողներին տեղեկատվություն տալով, էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը հայտնեց, որ ադամանդի վերամշակման «Լորի» ՍՊ ընկերություն երկրի ղեկավարի այցի արդյունքում երկու խնդիր լուծում ստացավ, նախ` Սերժ Սարգսյանը ծանոթացավ բնագավառի խնդիրներին, ինչպես նաեւ ներկաների հետ մտքեր փոխանակեց այն հայեցակարգի վերաբերյալ, որ մշակել եւ հաստատել էր Հայաստանի կառավարությունը: «Անշուշտ, այդ հայեցակարգն ընդունելով` Հայաստանում առաջընթաց կարձանագրվի ոչ միայն ադամանդի վերամշակման բնագավառում, այլեւ ոսկերչական գործում», – ասաց նա:

Երկրորդ` Ներսես Երիցյանի խոսքերի համաձայն, այդ ժողովի ընթացքում քննարկվել են կոնկրետ ներդրումային ծրագրեր, մասնավորապես, ընկերության սեփականատերերը ներկայացրել են ներդրումային նախագիծ, որը ծրագրվում է իրականացնել հնդկական խոշորագույն ոսկերչական Firstone ընկերության հետ միասին, որն էլ, իր հերթին, ուզում է Հայաստանում հիմնել իր գործը: «Նախագահի հանձնարարությամբ կատարվելու են համատեղ աշխատանքներ, որպեսզի հնդկական ընկերությունը, որը շուկաներ ունի ե’ւ ԱՄՆ-ում, ե’ւ եվրոպական երկրներում, պետություն- մասնավոր սեկտոր համագործակցությամբ Հայաստանում գործ հիմնի», – ավելացրեց նա:

ՀՀ էկոնոմիկայի ղեկավարն ասաց, որ այդ հայ-հնդկական նախագծի շրջանակներում խոսքը տասնյակ հազարների եւ հարյուրավոր նոր աշխատատեղերի մասին է: Այդ համատեքստում Ներսես Երիցյանն ավելացրեց, որ այդ բնագավառում ներդրումներ անելու շահագրգռություն է միշտ ցուցաբերել նաեւ սփյուռքը: