AM
1 Դեկտեմբեր 2009 - 12:43 AMT

Հայաստանի զարգացման երաշխավորն ընդդիմության եւ իշխանությունների միջեւ երկխոսության կարգավորումն է

«Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) 12-րդ համագումարն ինձ հիշեցրեց ԽՍՀՄ ժամանակների Կոմունիստական կուսակցությունը, երբ համագումարների ժամանակ բոլոր որոշումները միաձայն էին ընդունվում»,- այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց 1996-98թթ. Հայաստանի արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը:

Արզումանյանի խոսքով, նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը, որով նա հանդես եկավ ՀՀԿ համագումարի ժամանակ, ոչ մի ընդհանուր բան չուներ հայկական իրողությունների հետ:

Խոսելով Հայաստանի իշխանությունների ու ընդդիմության միջեւ երկխոսության հաստատման մասին` նախկին ԱԳ նախարարը նշեց, որ ներկա պահին Հայաստանի զարգացման ու արտաքին մարտահրավերների հաղթահարման համար այդ երկխոսության կարգավորումն անհրաժեշտ է: «Բայց անբարոյական կլինի երկխոսություն սկսել քաղաքական մի թիմի հետ, որը փակի տակ է պահում ընդդիմության ակնառու գործիչներին: Միայն բոլոր քաղբանտարկյալներին ազատ արձակելուց հետո Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) պատրաստ կլինի երկխոսություն սկսել իշխանությունների հետ»,- նկատեց Արզումանյանը:

Նախկին ԱԳ նախարարն ընդգծեց, որ ներկա պահին ՀԱԿ առաջնահերթ խնդիրը բոլոր քաղբանտարկյալների ազատումն է, որոնց թիվը հասնում է մինչեւ 15 հոգի: Նա ավելացրեց նաեւ, որ ՀԱԿ-ն ապագայում նույնպես փորձելու է երկրում վերականգնել սահմանադրական կարգը եւ ապահովել մարդու իրավունքների պաշտպանությունը: