Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Գրիգորի Տաբատաձեին, հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը:
Շնորհավորելով դեսպանին` Հայաստանում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ, վարչապետը վստահություն է հայտնել, որ նրա գործունեությունը կնպաստի հայ-վրացական հարաբերություններում նոր առաջընթացին: Տիգրան Սարգսյանը կարեւորել է հատկապես տնտեսական համագործակցության խթանումը եւ ուշադրություն հրավիրել հանգամանքի վրա, որ ապրանքաշրջանառության ծավալների ներկայիս մակարդակը կողմերին դեռեւս չի գոհացնում:
ՀՀ վարչապետընշել է, որ «Կազբեկ-Վերին Լարս» միջազգային ավտոմոբիլային անցակետի հնարավոր վերաբացումը բարենպաստ ներգործություն կունենա տարածաշրջանում տնտեսության հետագա զարգացման համար եւ կամրապնդի Վրաստանի` որպես տարանցիկ պետության դերը:
Անդրադառնալով Վրաստանում հայկական եկեղեցիներիհետ կապված խնդիրներին` կառավարության ղեկավարն ընդգծել է Մուղնեցոց Սուրբ Գեւորգ եկեղեցու վերականգնման ուղղությամբ վրացական կառավարության կողմից համապատասխան միջոցների ձեռնարկման կարեւորությունը:
Կողմերը քննարկել են նաեւ տնտեսական համագործակցության հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների ընթացքը, որի ութերորդ նիստը նախատեսված է անցկացնել առաջիկա տարվա սկզբին Երեւանում:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել այս տարի Հայաստանում Վրաստանի մշակութային օրերի հաջող իրականացմանը: ՀՀ վարչապետը հույս է հայտնել, որ հաջորդ տարի Վրաստանում նախատեսվող Հայաստանի մշակույթի օրերը կանցկացվեն նույն խանդավառությամբ: