AM
7 December 2009 - 11:20 AMT

Սոչիում կբացվի հայ գեղանկարիչ Բորիս Մատինյանի աշխատանքների թանգարանը

Բավական դժվար է անցնել նկարիչ Բորիս Մատինյանի տան շեմը: Պատճառը ոչ թե հյուրասիրության պակասն է, այլ նրա հսկայական թվով աշխատանքները: Կտավներն ու կիրառական արվեստի գործերը զբաղեցնում են նկարչի մեծ բնակարանը, մի փոքր արահետ թողնելով ոչ միայն հյուրերի, այլ նաեւ տան տիրոջ համար:

«Երբեմն, ինձ թվում է, որ ես քիչ եմ աշխատում եւ ջանում եմ առավելագույնս արդյունավետ օգտագործել իմ ժամանակը: Չէ որ դժվար է կյանքը նոր էջից սկսել 50 տարեկանում, սակայն այլ կերպ ես իմ ապագան չեմ պատկերացնում: Ամեն ինչ սկսվեց ուժգին ցնցումից, որն առաջացավ իմ ներքին աշխարհի եւ իրականության անհամապատասխանությունից»,-PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է Բորիս Մատինյանը:

Նկարչի առաջին աշխատանքը ինչ-որ բովանդակալից բան նկարելու ջանքերի արդյունքը հանդիսացավ: «Ես նստել ու նկարում էի, զարմանալով սեփական համառությանս վրա: Չէ որ մինչ 50 տարեկանը ես վստահ էի, որ նկարել չգիտեմ, սակայն Աստված ինձ նկարչի շնորհ տվեց եւ իմ առաջին նկարը դարձավ «Ձնաբքի ժամանակ գրկախառնված զույգը»,-ասել է նկարիչը, որը հասցրել է իր աշխատանքների շուրջ 40 ցուցահանդես կազմակերպել Հայաստանի զորամասերում, դպրոցներում եւ մանկապարտեզներում:

Ըստ նրա, արդեն պայմանավորվածություն կա Սոչիի քաղաքապետի հետ, որի համաձայն Բորիս Մատինյանն իր շուրջ 2000 աշխատանքները կնվիրի Սոչի քաղաքին` 2014թ. կայանալիք Օլիմպիադայի պատվին: «Պայմանավորվածության համաձայն, քաղաքում թանգարան կբացվի, որտեղ կցուցադրվեն իմ աշխատանքները: Չի բացառվում, որ թանգարանն իմ պատվին անվանեն»,-ասել է Մատինյանը:

Բորիս Մատինյանը ծնվել է 1947թ. ապրիլի 2-ին Երեւանում: 1956թ. ավարտել է Ռադիոէլեկտրակապի տեխնիկումը, 1968թ.` Մարքսիզմ-լենինիզմի համալսարանը, ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետն ավարտել է 1947թ.: Պարգեւատրվել է ՀՀ մշակույթի նախարարության եւ մարշալ Հովհաննես Բաղրամյանի անվան մեդալով: