AM
7 December 2009 - 14:30 AMT

Հայաստանի վարչապետը հարգանքի տուրք մատուցեց Սպիտակի երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը այցելեց Սպիտակ եւ Վանաձոր քաղաքներ, որտեղ հարգանքի տուրք մատուցեց երկրաշարժի զոհերի հիշատակին: Տ. Սարգսյանը սբ. Հարություն եկեղեցում մասնակցեց ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին տրվող սբ պատարագի արարողությանը եւ ծաղկեպսակ դրեց երկրաշարժի զոհերի հուշարձանին:

Այնուհետեւ Տիգրան Սարգսյանը մեկնեց Վանաձոր, որտեղ այցելեց սբ Աստվածածին եկեղեցի: ՀՀ վարչապետը ծաղկեպսակ դրեց երկրաշարժի զոհերի հիշատակի խաչքարին եւ մասնակցեց կազմակերպված միջոցառմանը, հայտնում է կառավարության մամլո ծառայությունը:

Դեկտեմբերի 7-ին լրացավ Հայաստանում Սպիտակի երկրաշարժի 21 տարին: 1988 թ. դեկտեմբերի 7-ին, տեղական ժամանակով ժամը 11.14 – ին, Ռիխտերի սանդղակով 7.2 բալ ուժգնությամբ երկրաշարժը հողին հավասարեցրեց Սպիտակ քաղաքը, ավերեց Լենինականը (Գյումրի): Զոհվեց 25 հազ. մարդ, մոտ 100 հազ. մարդ վիրավորվեց եւ հարյուրավորներ դարձան հաշմանդամ, ավելի քան 500 հազ. մարդ մնաց անօթեւան:

Սպիտակի երկրաշարժը աշխարհի խոշորագույն աղետների շարքին է դասվում: