AM
9 December 2009 - 11:20 AMT

Երեւանում կգործի հայկական ազգային հանրակրթական դպրոցի նոր մոդելը

Դեկտեմբերի 9-ին Երեւանում հայ գործարարների մասնակցությամբ տեղի է ունեցել «Այբ» կրթական համալիրի կազմակերպած կլոր սեղանը, որի ժամանակ քննարկվել է ազգային դպրոց-համայնքի հայկական մոդելի մշակման գործընթացը:

«Մենք բավակնին լայն ծրագիր ենք մշակել, եւ մեզ համար չափազանց կարեւոր է տարբեր ոլորտների ներկայացուցիչների կարծիքը, ուստի մենք արդեն անց ենք կացնում երրորդ կլոր սեղանը, այս անգամ ձեռնարկատերեի հետ»,-հանդիպման ժամանակ հայտարարել է «Այբ» հիմնադրամի գործադիր տնօրեն Դավիթ Սահակյանը: Նա նաեւ պարզաբանել է, որ առաջին երկու հանդիպումները տեղի են ունեցել ԶԼՄ-ների եւ ճարտարապետների մասնակցությամբ:

«Դպրոցի մոդելը մենք տեսնում ենք, որպես մեր կրթական համակարգի ապագան, որը թույլ կտա վեր հանել երիտասարդ սերնդի ներուժը: Ձեռնարկատերերի հետ այսօրվա հանդիպումը կարեւոր է նրանով, որ թույլ կտա պարզել, թե որքանով են նրանք իրական համարում այդ մոդելը»,-ասել է հիմնադրամի գործադիր տնօրենը: Ըստ նրա, դպրոցի նոր մոդելը կներդրվի ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ այն երկրներում, որտեղ կա հայկական համայնք, ինչպես նաեւ այն երկրներում, որ ցանկություն կունենան կիրառել նման կրթական համակարգ:

«Դպրոցում կգործեն տարրական, միջին եւ ավագ դպրոցները: Աշակերտներն ու ուսուցիչները կընտրվեն մրցութային կարգով: Եվ ամեն անգամ, մի աստիճանից մյուսին անցնելիս, պարտադիր կերպով քննություններ պետք է հանձնեն ինչպես աշակերտները, այնպես էլ ուսուցիչները: Բացի այդ, թեեւ ուսումը դպրոցում վճարովի կլինի, այն աշակերտները, որոնք չեն կարողանա վճարել ուսման համար, բարձր դասարաններում կրթաթոշակ կստանան: Դպրոցը նախատեսվում է 810 երեխայի համար` Երեւանից, մարզերից եւ սփյուռքից»,-ասել է Դավիթ Սահակյանը:

«Այբ» կրթական հիմնադրամի դպրոց-համայնքի ծրագիրը ստացել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի բարձր գնահատականը:

2010 թվականի հուլիսին տեղի կունենա դպրոց-համայնքի հայեցակարգին նվիրված եզրափակիչ խորհրդաժողովը, որի արդյունքում կհաստատվի 21-րդ դարի հայկական ազգային հանրակրթական դպրոցի հայեցակարգը:

Այդ դպրոցը որպես մոդել կծառայի Հայաստանում հանրակրթական մակրոհամակարգի զարգացման համար: Դպրոցը կկառուցվի Երեւանի Թբիլիսյան խճուղու հարեւանությամբ: Տարածքը տրամադրել է պետությունը: