AM
10 December 2009 - 10:27 AMT

Հայաստանը այն քիչ երկրներից է, որոնք ստորագրել են մարդու իրավունքները կարգավորող բոլոր փաստաթղթերը

«Ժամանակակից հասարակության շարժիչ ուժը դա գիտելիքներն են, որոնք կօգնեն բնակչությանը գրագետ պաշտպանել իրենց իրավունքները: Մեր նպատակն է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ յուրաքանչուր մարդ կկարողանա ազատ իրականացնել իր իրավունքները եւ ազատությունները առանց խտրականության եւ սահմանափակման: Դրա համար մենք մեր եվրոպացի գործընկերների հետ համատեղ անցկացնում ենք բազմաթիվ միջոցառումներ եւ ծրագրեր», – հայտարարել է դեկտեմբերի 10-ն տեղի ունեցած կլոր սեղանի ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Միջոցառումը նվիրված է Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան: Կլոր սեղանի մասնակիցները նշեցին, որ Հայաստանը այն քիչ երկրներից է, որոնք ստորագրել են մարդու իրավունքները կարգավորող բոլոր փաստաթղթերը:

«Մենք չենք կարող ասել, որ լավ արդյունքների ենք հասել այս գործում: Մարդու իրավունքների պաշտպանության տեսակետից Հայաստանը առաջ է Ադրբեջանից, Վրաստանից եւ ԱՊՀ շատ երկրներից: Սակայն, եթե հաշվի առնենք այն, որ տարածաշրջանում մարդու իրավունքների պաշտպանության զարգացման մակարդակը այնքան էլ բարձր չի, ապա պարզ է դառնում, որ ուրախության համար մենք քիչ պատճառներ ունենք», – հայտարարել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը: Նա ընդգծել է նաեւ, որ այս տարի քաղաքացիներից ընդունվել է մոտ 5700-600 բողոք, ինչը համապատասխանում է նախորդ տարվա ցուցանիշին:

Կլոր սեղանի մասնակիցները բարձր գնահատեցին Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությունը այդ միջոցառմանը, եւ ընդգծեցին այդ իրադարձության կարեւորությունը Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության զարգացման համար: