Դեկտեմբերի 9-ին Մոսկվայում տեղի ունեցավ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի Տնօրենների խորհրդի նիստը, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը: Ըստ հաղորդագրության, նիստի օրակարգում էր նաեւ գլխավոր տնօրեն Շեւկեթ Շայդուլինի հաշվետվությունը 2009թ. 9 ամիսների գործունեության մասին, 2010թ. բյուջեի նախագիծը, ինչպես նաեւ 2010թ. ներդրումային ծրագրի նախագիծը:
Քննարկվել է նաեւ ՀԿԵՈւ զարգացման ֆինանսական մոդելը, ինչպես նաեւ Գանձապահական վերահսկողության ծառայությունների տրամադրման մասին պայմանագրի ստորագրման հարցը եւ այլ հարցեր:
Նիստում քննարկվել է նաեւ ՀԿԵՈւ տնօրենների խորհրդում Հայաստանի ներկայացուցչի թեկնածությունը: ՀԿԵՈւ տնօրենների խորհրդին առաջին անգամ կանդամակցի Հայաստանի ներկայացուցիչ Խաչատուր Ավալյանը:
«Բոլոր հարցերն ընդունվել են միաձայն»,-ասվում է հաղորդագրության մեջ:
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն «Ռուսական երկաթուղի» ԲԲԸ-ի 100-տոկոսանոց դուստր-ձեռնարկությունն է: «Հայկական երակթուղի» ՓԲԸ-ն հանձնվել է «ՀԿԵՈւ» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարմանը, ըստ 2008թ. փետրվարի 13-ին կնքված կոնցեսիոն պայմանագրի: Կոնցեսիոն կառավարման ժամկետը 30 տարի է` այն եւս 10 տարով երկարացնելու իրավունքով: