Դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած կառավարության նիստի ժամանակ Հայաստանի ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը ներկայացրել է 50 տոկոս եւ ավելի պետական մասնակցությամբ առեւտրային կազմակերպություններում վերստուգող հանձնաժողովների 2008 թ. գործունեության նկատմամբ հսկողության իրականացման արդյունքների մասին ամփոփ հաշվետվություն:
Հաշվետվությունն ամփոփելով, Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է, որ Հայաստանի կառավարությունը 1.5 տարի է վատնել, որպեսզի պարզի, թե պետական մասնակցությամբ քանի ձեռնարկություն կա, եւ ինչպես է պետությունն իր սեփականատիրական ֆունկցիաներն իրականացնում դրանցում: Սակայն, նրա խոսքերի համաձայն, կային ձեռնարկություններ, որոնք գոյություն ունեն միայն իրավաբանորեն: Այդպիսիք մոտ 500 են, որը վկայում է այն մասին, որ պետությունը դեռեւս չի կարողանում արդյունավետ կառավարել պետական մասնակցությամբ ձեռնարկությունները: «Փաստորեն, գրեթե բոլոր ձեռնարկություններում հայտնաբերվել են թերություններ: Դրանց վերահսկողությունը պետք է իրականացնեն նախարարները, որովհետեւ վերահսկիչ հանձնաժողովները հաշվետու են նրանց», – ավելացրել է կառավարության ղեկավարը:
Պետական մասնակցությամբ կազմակերպությունների գործունեության արդյունավետության բարձրացման խնդիրը, ըստ Տիգրան Սարգսյանի, պետք է լուծվի մինչեւ 2010 թ. ավարտը, իսկ այն կազմակերպությունները, որոնք այդ ժամանակահատվածում չեն սեփականաշնորհվի, դրանց վրա համապատասխան վերահսկողություն կսահմանվի: