Եվրամիությունը բացառեց ղարաբաղյան հակամարտության ռազմական լուծումը եւ վերահաստատեց իր աջակցությունը ԼՂ հիմնահարցի լուծմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով` հիմնված Մադրիդյան առաջարկությունների վրա: Նման կարծիք ԵՄ ներկայացուցիչները հայտնեցին դեկտեմբերի 9-ին Բրյուսելում տեղի ունեցած ԵՄ Խորհրդի Քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի տրոյկայի մակարդակով Հայաստան-ԵՄ քաղաքական խորհրդակցությունների ժամանակ:
Ինչպես հաղորդում է Հայաստանի ԱԳՆ մամլո ծառայությունը, եվրոպական կողմը ողջունեց Աթենքում կայացած ԵԱՀԿ նախարարական համաժողովի ժամանակ ընդունված հայտարարությունը: Եվրոպական կողմը կարեւորեց, որ հակամարտության կարգավորմանը նպաստելու համար անհրաժեշտ է խուսափել ռազմատենչ հայտարարություններից եւ ձեռնարկել վստահության ամրապնդման միջոցառումներ: ԵՄ վերահաստատեց իր աջակցությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին` կարեւորելով Ցյուրիխում Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ստորագրված Արձանագրությունների արագ վավերացումը:
Արեւելյան գործընկերության ընձեռած հնարավորությունները քննարկելիս անդրադարձ կատարվեց դեկտեմբերի 8-ին տեղի ունեցած նախարարական համաժողովի արդյունքների եւ նույն օրը ԵՄ խորհրդի կողմից Հարավային Կովկասի մասին ընդունված որոշմանը: Ներկայումս ԵՄ խորհրդի աշխատանքային խմբերում ընթանում է Հայաստանի հետ ասոցիացման համաձայնագրի կնքման մանդատի ընդունման հարցը: Ակնկալվում է, որ այն պատրաստ կլինի 2010թ. առաջին կեսին:
Քննարկվեցին նաեւ մուտքի արտոնագրային ռեժիմի պարզեցմանը եւ համընդգրկուն ազատ առեւտրի համաձայնագրի կնքմանը նվիրված հարցեր:






