Վրաստանի հայերի բացարձակ մեծամասնությունը, ներառյալ Ջավախեթիի բնակչությունը, աջակցում է Վրաստանի նախագահին: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, այդ մասին այսօր Ազգային ռադիոյին տված հարցազրույցում հայտնել է ինքը նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն` մեկնաբանելով նախորդ շաբաթ Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի Թբիլիսի կատարած այցը: Էդուարդ Շեւարդնաձեն Վարդան Օսկանյանի այցը հաջող անվանեց` նշելով, որ Հայաստանի ԱԳՆ ղեկավարի երկխոսությունը վրացական կողմի ներկայացուցիչների հետ անցել է փոխըմբռնման եւ փոխադարձ հարգանքի գործնական մթնոլորտում: Նրա խոսքերով` Վրաստանում բնակվող հայերի մեջ կարող են գոյություն ունենալ տարբեր կարծիքներ, նույնիսկ հնչել սադրիչ արտահայտություններ, սակայն դա կանոն չէ բոլորի համար, այլ` բացառություն: «Հաճախ դրան նպաստում են ոչ տեղի բնակիչները, այլ թբիլիսյան սադրիչները»,- նշել է նախագահը: Նրա խոսքերով` Վրաստանի արտաքին քաղաքականության կարեւոր հաջողությունը այն փաստն է, որ Վրաստանը չունի խորը եւ անլուծելի խնդիրներ հարեւան երկրների, այդ թվում` Հայաստանի եւ Ադրբեջանի հետ:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: