Սպորտային մարմնամարզության օլիմպիական չեմպիպոն Ալբերտ Ազարյանը կտրականապես հերքում է, որ անհարգալից արտահայտություններ է թույլ տվել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հասցեին 2008թ. նախընտրական արշավի ընթացքում այն ժամանակ դեռեւս նախագահության թեկնածու Սերժ Սարգսյանի օգտին տեսահոլովակի նկարահանման ժամանակ: Համապատասխան տեսահոլովակը զետեղվել է YouTube կայքում:
«Ես իմ ողջ կյանքը նվիրել եմ Հայաստանին: Այդ տեսահոլովակը սարքվել է մոնտաժի միջոցով, մի բան կարող եմ ասել` ես ոչ մի նման բան չեմ ասել»,-ասել է օլիմպիական չեմպիոնը լրագրողների հետ հանդիպմանը:
Ըստ Ազարյանի, համապատասխան մարդիկ արդեն պարզում են, թե ով կարող էր մոնտաժել այդ հոլովակը եւ ինչու: «Ես ոչ ոքի չեմ կասկածում: Տեսահոլովակը տեսագրվել է երկու տարի առաջ, եւ ես նույնիսկ չեմ հիշում, թե որտեղ են կատարվել նկարահանումները եւ ով էր դրանց կազմակերպիչը»,-ասել է օլիմպիական չեմպիոնը:
Ազարյանը նշել է նաեւ, որ Հայաստանի նախագահի նստավայրից նրան այդ հարցով չեն դիմել:






