Հայաստանն ու Լատվիան դեկտեմբերի 10-ին երկու համաձայնագիր են ստորագրել` «Հայ-լատվիական միջկառավարական հանձնաժողովի ստեղծման մասին» եւ «Օդային հաղորդակցության մասին»: Այդ մասին հայ-լատվիական համաժողովում ունեցած իր ելույթում հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը: Ըստ նրա, համաձայնագրերը կոչված են նպաստել երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական կապերի ամրապնդմանը:
Ինչպես նշել է նախարարը, Հայաստանն ու Լատվիան որոշ չափով նման են` երկուսն էլ փոքր տարածք ունեն փոքր շուկաներով, որոնք ձգտում են իրենց տեղը գտնել միջազգային շուկայում: Այս համատեքստում Ն.Երիցյանը նշել է, որ Հայաստանը կարող է Լատվիայի համար հարթակ հանդիսանալ Մերձավոր Արեւելքի շուկա դուրս գալու համար: Բացի այդ, նա հավելել է, որ ՀՀ-ն ձգտում է միանալ «ԵՄ ազատ առեւտրի մասին» պայմանագրին եւ այդ տեսակետից Լատվիան կարող է իր փորձը կիսել մեզ հետ:
Երիցյանը նշել է, որ ճգնաժամի այս պայմաններում փոքր պետությունները, որոնք բավարար քանակով ռեսուրսներ չունեն, օպտիմալ տարբերակներ են որոնոմ ճգնաժամը հաղթահարելու համար եւ գնում են տնտեսության դիվերսիֆիկացման ճանապարհով: «Այժմ միտում կա անցնել ավանդական տնտեսությունից գիտելիքի վրա , բարձր տեխնոլոգիաների զարգացման վրա հիմնված տնտեսության, ինչում Լատվիան ավելի մեծ հաջողությունների է հասել, քան Հայաստանը»,-ասել է նա: Այդ առնչությամբ Ն. Երիցյանը հրավիրել է լատվիական կողմին մասնակցել Հայաստանի կազմակերպած ՏՏ-համաժողովներին:
Իր հերթին Լատվիայի էկոնոմիկայի նախարար Արտիս Կամպարսը հավելել է, որ, անկախ նրանից, որ Հայաստանն ու Լատվիան աշխարհագրական առումով հեռու են միմյանցից, այնուամենայնիվ դա չի խանգարում երկու երկրներին խորացնել երկկողմ տնտեսական համագործակցությունը: «Համապատասխան իրավական բազայի ստեղծումը, համաձայնագրերի ստորագրումը, թույլ կտա ամրապնդել երկու երկրների գործարար շփումները»,-ասել է նա:
Բացի այդ Կամպարսը նշել է, որ ազատ տնտեսական գոտու ստեղծումը ԵՄ-ի հետ համագործակցության շրջանակներում, թույլ կտա հայ-լատվիական հարաբերություններին զարգանալ դրական ուղղությամբ: Ինչ վերաբերում է ճգնաժամի ազդեցությանը երկրի տնտեսության վրա, ապա Լատվիայի էկոնոմիկայի նախարարը նշել է, որ նա չկարողացավ բացասական ազդեցություն գործել երկրի վրա, իսկ Լատվիայի կառավարությունը 824 մլն դոլար է հատկացրել երկրի գործարարների աջակցելու համար: