«Արեւելյան գործընկերություն» նախաձեռնությունը կօգնի Հայաստանին եւ հայ ժողովրդին վերադառնալ իր ժողովրդավարական ակունքներին: Այս մասին Երեւանում տեղի ունեցած ԵՄ շվեդական նախագահությանը նվիրված ասուլիսի ընթացքում հայտարարել է Հարավային Կովկասի երկրներում Շվեդիայի դեսպան Հանս Հուննար Ադենը:
«Արեւելյան գործընկերությունը» հայ հասարակության վրա միայն դրական ազդեցություն կունենա: Հայաստանը երկար ժամանակ ԽՍՀՄ կազմում է եղել եւ այսօր զգացվում է հայ հասարակության մեջ խորհրդային մենթալիտետի առկայությունը» , – նկատել է շվեդ դիվանագետը:
Խոսելով այն մասին, թե ինչ է սպասում ԵՄ-ն Հայաստանից` երկրում մարդու իրավունքների պաշտպանության առումով, Հանս Հուննար Ադենը նշեց, որ եվրոպական համագործակցությունը հույս ունի, որ երկրի կառավարությունը կարող է կես տարվա ընթացքում պատասխանել ԵՄ առաջ քաշած հարցերին:
«Վերջերս Երեւանում Հայաստանի եւ ԵՄ միջեւ տեղի ունեցավ մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող առաջին երկխոսությունը: Մենք ներկայացրեցինք մեր սպասումները, մասնավորապես` մարդու իրավունքների, ԶԼՄ-երի ազատության եւ անկախության, դատական մարմինների ազատության ապահովման ուղղությամբ, ինչպես նաեւ ուշադրության արժանացրինք 2008 թ. մարտյան իրադարձությունները, որի հետեւանքով 10 մահացու դեպք է արձանագրվել: Մենք սպասում ենք, որ կես տարի հետո Հայաստանը կտա այս հարցերի պատասխանը», – ասել է դեսպանը:






