2002 թվականին նախատեսվում է սկսել Հայկական ատոմակայանի անվտանգության ապահովման «ՏԱՍԻՍ» ծրագրի իրականացումը: Դրա համար Եվրամիությունն արդեն տրամադրել է 10 միլիոն եվրո: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, այս տարի նախատեսվում է նաեւ իրականացնել Հայաստանում նոր ՀԷԿ-ների շինարարության եւ վերակառուցման վերաբերյալ 4 միլիոն եվրո արժողությամբ ծրագիր: Ծրագիրը ԵՄ-ն է ներկայացված հաստատման համար: Շարունակվում է նաեւ Հայաստանի եւ Եվրամիության համագործակցությունը ԻՆՕԳԵՅՏ տարածաշրջանային ծրագրի շրջանակներում, որը նախատեսում է կասպյան տարածաշրջանի էներգակիրների արտահանումը: Մասնավորապես, մշակված է 3 միլիոն եվրո գումար կազմող ծրագիր, որը վերաբերում է Հայաստանի գազի ինֆրակառուցվածքային վերականգնմանը եւ վերակառուցմանը: 2002 թվականին կսկսվի տարածաշրջանային «փոքր ներդրումներ Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի նավթագազային ինֆրակառուցվածքներում» ծրագրի իրագործումը: ԻՆՕԳԵՅՏ ծրագրի շրջանակներում բանակցություններ են ընթանում Աբովյան քաղաքում ստորգետնյա գազապահեստավորման ճնշակային կայանի վերականգնման հարցի վերաբերյալ: Այդ նախագծի իրականացման համար կպահանջվեն 12-18 միլիոն դոլար գումարի չափով ներդրումներ:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: