Դեկտեմբերի 16-ին Հայաստանի Հնչակյան սոցիալ-դեմոկրատական կուսակցության համագումարը չի կարող ընտրել նոր վարչություն եւ նոր նախագահ, քանի որ այն օրինական չէ եւ դրա գումարումը հակասում է կուսակցության կանոնադրությանը: Այս մասին Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի Հնչակյան սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Լյուդմիլա Սարգսյանը :
Լ. Սարգսյանի խոսքերի համաձայն, նա դատի է տալու այն մարդուն, ով կհամարձակվի իրեն հայտարարել Հայաստանի ՍԴՀԿ նախագահ: «Ես Հայաստանի ՍԴՀԿ իսկական նախագահն եմ եւ անօրինական համագումարը չի կարող նոր նախագահ ընտրել», – ընդգծել է նա:
Նա նաեւ հայտնել է, որ դեկտեմբերի 16-ին ՀՍԴՀԿ-ն միաձայն որոշում է կայացրել Նարեկ Գալստյանին, Գեւորգ Պերկուպեկյանին եւ Արսեն Կուպելյանին կուսակցությունից հեռացնելու մասին, քանի որ նրանք անմիջականորեն մասնակցել են կուսակցության քայքայմանը, որը հրահրել է Համահնչակյան վարչության նախագահ Սեդրակ Աճեմյանը: Լ. Սարգսյանը նշել է, որ վերը նշված անձանցից երկուսը` Գեւորգ Պերկուպեկյանն ու Արսեն Կուպելյանը կուսակցության վարչության անդամներ էին:






