Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մարտիրոսյանը, Իրանի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարի տեղակալ Մոհամմադ Ադելին եւ Հունաստանի ԱԳՆ-ի գլխավոր քարտուղար Գեորգիս Սավադիսը այսօր Երեւանում քննարկել են Իրան-Հայաստան գազատարի շինարարության նախագծի իրականացման ընթացքը: Հանդիպումը կայացել է այսօր Երեւանում իր աշխատանքը սկսած Հայաստան- Իրան-Հունաստան եռակողմ համագործակցության գործադիր կոմիտեի թվով վեցերորդ նիստի շրջանակներում: Հունաստանը պատրաստակամություն է հայտնել իր անմիջական մասնակցությունը բերել նախագծի իրականացմանը: Աթենքը արդեն իսկ ոչ քիչ բան է արել նախագծի մշակման համար: Մասնավորապես, հայտնի է, որ գազատարի նախագծի տեխնիկա-տնտեսական հիմնավորումը իրականցրել է հունական «Ասպրոֆոս» ընկերությունը` 150 հազար դոլար գրանտ ստանալով Հունաստանի կառավարությունից: Հիշեցնենք, որ գազատարի շինարարությունը նախատեսվում է սկսել արդեն այս տարի: Նախագծի արժեքը կազմում է 120 միլիոն դոլար: Գազատարի երկարությունը 141 կիլոմետր է:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: