Այսօր Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում գտնվող թուրքական առաջատար լրատվամիջոցների լրագրողներին: Ողջունելով թուրքական ԶԼՄ ներկայացուցիչներին` նախարար Նալբանդյանը նշեց, որ սա լավ առիթ է լրատվամիջոցների եւ նրանց միջոցով թուրքական հասարակության համար առաջին ձեռքից տեղեկանալու տարբեր հարցերի շուրջ Հայաստանի մոտեցումներին եւ դիրքորոշումներին:
Թուրք լրագրողների հարցերը հիմնականում վերաբերում էին հայ-թուրքական հարաբերություններին եւ արցախյան հիմնախնդրի կարգավորմանը: Պատասխանելով հարցերին` նախարար Նալբանդյանը նշեց, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը որեւիցե այլ խնդրի հետ կապելը անհեռատես է, քանզի դա հակառակ է ոչ միայն ձեռք բերված համաձայնությունների տրամաբանությանը, տառին եւ ոգուն, այլեւ` ողջ միջազգային հանրության սկզբունքային դիրքորոշմանը:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծեց, որ երկխոսությունը սկսվել է փոխադարձ ըմբռնմամբ, որ հարաբերությունների կարգավորումը պետք է լինի առանց նախապայմանների համաձայնության մթնոլորտում, եւ այսօր նախապայմաններ առաջ քաշելը նշանակում է վերադառնալ այն փակ շրջանակին, որտեղ մենք գտնվել ենք գործընթացը սկսելուց առաջ: «Այն կողմը, որը կփորձի նախապայմաններ առաջ քաշել, իր վրա կվերցնի համապատասխան հետեւանքների ողջ պատասխանատվությունը», – ասաց նախարար Նալբանդյանը, հաղորդում է ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության մամլո ծառայությունը:






