Հայրենիքին դավաճանելու, ի օգուտ Թուրքիայի լրտեսության մեջ մեղադրվող, հունվարի 26-ին ձերբակալված Մուրադ Բոջոլյանը հանդիպել է իր փաստաբան Ռուբեն Բալաբանյանի հետ: Փաստաբանի խոսքերով` Բոջոլյանը նորմալ տեսք ուներ, սակայն, միեւնույն ժամանակ, Բալաբանյանը չէր կարողացել ուղղակի պատասխաներ` տվյալ պահին իր պաշտպանյալին ներկայացվե՞լ էր մեղադրանք եւ ճանաչե՞լ է արդյոք նա իրեն մեղավոր: Հիշեցնենք, որ Բոջոլյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածով, որը «լրտեսության մեջ Հայրենիքին դավաճանելու» համար նախատեսում է 10-15 տարի ազատազրկում, կամ մահապատիժ: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը` վկայակոչելով «Ազատություն» ռադիոկայանը, Բոջոլյանը բավականին հայտնի անձնավորություն է: Ծնվել է Թուրքիայում: 60-ականներին ընտանիքով արտագաղթել է Հայաստան: Ավարտել է Երեւանի պետական համալսարանի արեւելագիտության ֆակուլտետը: Թեկնածուական դիսերտացիան պաշտպանել է Մոսկվայում: Աշխատել է Հայաստանի Ազգային գիտությունների ակադեմիայի արեւելյան լեզուների ինստիտուտում, իսկ 90-ականների սկզբին տեղափոխվել է ԱԳՆ Թուրքիայի բաժնի վարիչ: Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի վարչակազմում աշխատել է որպես թուրքերենից թարգմանիչ: Գործընկերների խոսքերով` Բոջոլյանը բավականին մեղմ դիրքորոշում ուներ Թուրքիայի հանդեպ, նա դեմ էր հակաթուրքական բնույթի խիստ հրապարակումներին:
Բոջոլյանի ծանոթները նշում են, որ վերջին երեք տարում նա ծանր կացության մեջ էր: Զբաղբում է առեւտրով` Երեւանի տոնովաճառում տեղ ուներ, որտեղ վաճառում էր Թուրքիայից բերած ապրանքներ: Ըստ լուրերի` Բոջալյանին ձերբակալել են հայ-վրացական սահմանի մոտ ` Թուրքիա ուղեւորվող ավտոբուսում:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: