AM
20 Հունվար 2010 - 10:44 AMT

Թուրքիայի ԱԳՆ արձագանքը ՀՀ ՍԴ-ի որոշմանը Թուրքիայի արտաքին քաղաքականության հերթական հնարքն է

Թուրքիայի ԱԳՆ արձագանքը ՀՀ ՍԴ-ի որոշմանը Թուրքիայի արտաքին քաղաքականության հերթական հնարքն է: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

Ինչպես ընդգծել է պատգամոավորը, Անկարան ցանկանում է Հայաստանի վրա բարդել իր իսկ կողմից թույլ տված սխալները, ինչն, ըստ Սահակյանի, չի ստացվի եւ անընդունելի է պաշտոնական Երեւանի համար:

Ըստ Սահակյանի, Թուրքիան այնուամենայնիվ կվավերացնի Արձանագրությունները: Անդրադառնալով թուրքական կողմի տարբեր հայտարարություններին` ՀՀԿ խմբակցության ղեկավարն ասել է, որ դրանք ուղղված են ադրբեջանական լսարանին եւ ներքին սպառման համար են: «Եթե Անկարան չվավերացնի Արձանագրությունները, Թուրքիան խնդիրներ կունենա միջազգային հանրության հետ»,-ասել է պատգամավորը:

Մեկնաբանելով ՀՀ ՍԴ որոշումը` Սահակյանը նշել է, որ ՍԴ-ն պատասխանել է մեկ հարցի` համապատասխանում են արդյոք Արձանագրությունները երկրի Սահմանադրությանը թե ոչ: Ըստ նրա, ՀՀ խորհրդարանը Արձանագրությունների վավերացման ժամանակ ՍԴ որոշմանը հղում անելու կարիք չունի:

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես մեկնաբանել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունների վերաբերյալ Հայաստանի Սահմանադրական Դատարանի որոշումը: Ինչպես ասվում է Թուրքիայի ԱԳՆ կայքում տեղակայված հաղորդագրության մեջ, ՀՀ ՍԴ որոշման հիմնավորումը նախապայմաններ եւ սահմանափակող դրույթներ է պարունակում, որոնք հակասում են Արձանագրությունների տառին ու ոգուն:

«2010 թվականի հունվարի 12-ին Հայաստանի ՍԴ-ն երկրի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված Արձանագրությունները: ՍԴ որոշումը հրապարակվել է սեղմ տեքստով: Այդ որոշումը խարխլում է Արձանագրությունների շուրջ բանակցությունների էությունը, ինչպես նաեւ հիմնական նպատակները: Նման մոտեցումը չի կարող ընդունվել մեր կողմից»,- ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ Թուրքիան, ըստ ստանձնած պարտավորությունների, հավատարիմ է մնում Արձանագրությունների դրույթներին եւ նույնն ակնկալում է հայկական կողմից:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: