AM
20 Հունվար 2010 - 12:50 AMT

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Երեւանում քննարկեցին բարձրագույն մակարդակով առաջիկա հանդիպումը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ընդունեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովին (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեին (Ֆրանսիա) եւ Ռոբերտ Բրադտկեին (ԱՄՆ): Հանդիպմանը ներկա էին ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը եւ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդկանը:

Կողմերը քննարկեցին արցախյան հիմնախնդրի կարգավորման ներկայիս գործընթացը եւ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների նշանակված հանդիպումը, հաղորդում է Հայաստանի նախագահի մամլո ծառայությունը:

Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնի դարձավ տեղեկացված աղբյուրներից, Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի, Դմիտրի Մեդվեդեւի ու Իլհամ Ալիեւի եռակողմ հանդիպումը կկայանա հունվարի 25-ին Սոչիում:

ԵԱՀԿ Մինսկի խումբ: Մինսկում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ միջազգային համաժողով հրավիրելու մասին որոշումն ընդունվեց 1992թ. մարտի 24-ին ԵԱՀԿ անդամ երկրների Նախարարների Խորհրդի արտակարգ նիստի ժամանակ: Մինսկի համաժողովի պատրաստման գործընթացի մեջ ներգրավված երկրները` Բուլղարիան, Գերմանիան, Իտալիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Թուրքիան, Ֆրանսիան, Չեխոսլովակիան, Շվեդիան, կազմեցին Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ զինված հակամարտության կարգավորման Մինսկի շփման խումբը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի հիմնական նպատակը ղարաբաղյան հակամարտության լուծումն է, նրա դիտորդները հետեւում են հակամարտող կողմերի միջեւ զինադադարի պահպանմանը: 1993-ին Մինսկի խումբը հակամարտության կարգավորման ծրագիր առաջարկեց («Ճշգրտված գրաֆիկ»), սակայն ոչ Հայաստանը, ոչ էլ Ադրբեջանը չընդունեցին այդ դրույթները: 1994-ին երկու կողմերը Ռուսաստանի միջնորդությամբ պայմանավորվեցին հրադադարի մասին ոչ պաշտոնական համաձայնություն պահպանել, որը գործում է մինչ օրս: ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն են Ռուսաստանը, Ֆրանսիան եւ ԱՄՆ-ն:

Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հաշտության պայմանագրի մշակմամբ եւ առաջադրմամբ զբաղվում է ԵԱՀԿ Բարձր մակարդակի ծրագրման խումբը (ԲՄԾԽ):

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: