«Ես ուրախ եմ, որ Հայաստանի վերահսկիչ պալատը 2010 թ. իր ուշադրությունը սեւեռել է Հայաստանի կրթական համակարգի վրա, քանի որ ՀՀ կառավարությունը պետք է ավելի ակտիվորեն աշխատի այդ բնագավառում եւ կատարի արդյունավետ բարեփոխումներ: Վերահսկիչ պալատը մեծ դեր կարող է խաղալ կրթության բնագավառում բարեփոխումներ իրականացնելու գործում», – ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` ՀՀ վերահսկիչ պալատի աշխատակազմի հետ հանդիպման ժամանակ:
Նախագահը հատկապես ընդգծել է այն հանգամանքը, որ Վերահսկիչ պալատն իր գործունեությամբ կարողացել է խուսափել արտաքին ճնշումներից: «Դուք պետք է շատ հետեւողական եւ սկզբունքային լինեք ձեր առաջադրած խնդիրների լուծման հարցում, եւ այդ ճանապարհին պետք է խուսափեք ե’ւ բարձրաստիճան պաշտոնյաների, ե’ւ այլ անձանց ամեն տեսակի ճնշումներից», – ասել է նա:
Ս. Սարգսյանի խոսքերի համաձայն, աշխարհի յուրաքանչյուր երկրում պետական միջոցների վրա յուրաքանչյուր ոտնձգություն հանցագործություն է որակվում, իսկ Հայաստանում դա կրկնակի հանցագործություն է, քանի որ մենք շատ չլուծված հարցեր ունենք եւ արդյունավետ կերպով պետք է ծախսենք հայ հարկատուների միջոցները: «Պետական պաշտոնյային շատ բան կարելի է ներել, բայց նա, ով ոտնձգություն է անում պետական միջոցների դեմ, պետք է համարվի մեր հասարակության ամենավատ մարդը: Եվ գործնականում այսպիսի մթնոլորտ ստեղծելու գործում մեծ է ՀՀ Վերահսկիչ պալատի դերը», – ասել է Հայաստանի նախագահը:
Նախագահը Վերահսկիչ պալատին մաղթեց նաեւ հաջողություն` հետագա գործունեության ընթացքում եւ հույս հայտնեց, որ ամեն տարի դրական արդյունքներ կգրանցվեն:






