Հայաստանի համար ընդունելի է Թուրքիայի հետ երկխոսության հնարավորությունը, եթե բանակցություններն իրականացնեն ոչ թե արհեստականորեն ձեւավորված հանձնաժողովները, այլ կողմերի օրինական ներկայացուցիչները: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտարարել է Հայաստանի խորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը: Դրա հետ մեկտեղ նա ընդգծել է, որ Երեւանի համար անընդունելի են` որպես հայ-թուրքական հարաբերությունների զարգացման նախապայման ներկայացվող մի շարք պահանջները, որոնցից են` հրաժարվել Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված ջանքերից եւ զիջումների գնալ Լեռնային Ղարաբաղի հարցում: Առավել եւս, ավելացրել է Արմեն Ռուստամյանը, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը վաղուց դուրս է եկել միայն հայ-թուրքական հարաբերությունների շրջանակներից եւ դարձել մի շարք միջազգային կազմակերպությունների հետ Թուրքիայի համագործակցության կամ դրանց անդամակցության պայմաններից մեկը: