AM
24 June 2002 - 00:00 AMT

ՀԱՅԿԱԿԱՆ ՕՊՈԶԻՑԻԱՆ ՉՕԳՏԱԳՈՐԾԵՑ ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵւԻ ՆՎԵՐԸ

Նույնիսկ ադրբեջանական քաղաքագետներն ու տեսաբանները կասկած չունեն, որ «փարիզյան սկզբունքների» բովանդակության մասին Ալիեւի վերջին սենսացիոն հայտարարությունն ուղղված է հենց Հայաստանի նախագահի հանդեպ վստահության խարխլմանը: Ռուսական «Նեզավիսիմայա գազետա» թերթի ադրբեջանական թղթակիցն, օրինակ, գրում է, որ «Հայաստանում նախընտրական կրքերի թեժացման եւ նախագահ Քոչարյանի հնարավոր իմպիչմենթի իրադրության մասին իմանալով` Հեյդար Ալիեւը պարզապես որոշեց կրակի մեջ յուղ լցնել»: Ադրբեջանական մեկնաբանի համոզմամբ, պաշտոնական Բաքուն այդ քայլին գնաց` հուսալով, որ «կոմպրոմատի» հրապարակումը «բացասաբար կազդի Ռոբերտ Քոչարյանի նախընտրական վարկանիշի վրա: Ահա, թե այս ամենը որքան պարզունակ է: Ալիեւին պարզապես հոգնեցրել է, որ միջնորդները նրան մշտապես անվանում են «անհարմար գործընկեր», որն ի վիճակի չէ կյանքի կոչել իր վրա վերցրած պարտականությունները: Հայտարարելով այն մասին, որ իբր պայմանավորվածություն կա Լաչինի միջանցքը Մեղրիով փոխանակելու վերաբերյալ` ադրբեջանական առաջնորդը դժվար կացության մեջ դրեց Ռոբերտ Քոչարյանին: Մտադիր լինելով նախագահի դեմ պայքարում հայկական օպոզիցիային հաղաթուղթ տալ` Ալիեւն ենթադրւմ էր, որ խորամանկությունը կհանգեցնի Երեւանում իրադրության անկայունացմանը: Ներքաղաքական անկայունության պայմաններում Քոչարյանին առավել դժվար կլինի պատասխան տալ Մինսկի համամիջնորդների հետ համաձայնեցված որոշման իրականացման համար, որը եւ նրա հանդեպ անվստահություն կառաջացնի միջնորդների մոտ:

Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Բաքվից «հոսում է» քարոզչական տեղեկատվություն` միտում ունենալով վարկաբեկել Ռոբերտ Քոչարյանին հայրենակիցների աչքերում: Հունիսի վեցին ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով Եվրախորհրդի դիվանագիտական աղբյուրներին, տարածել էին տեղեկատվություն այն մասին, որ իբր Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի վերջերս Ստրասբուրգ կատարած այցելության ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել հայկական ուժերով Ադրբեջանին հանձնել դաշտային Ղարաբաղի հարավային մասի չորս շրջան: Միանգամայն ակնհայտ է, որ այս արիան միեւնույն օպերայից է…

Ի պատիվ հայկական օպոզիցիայի` անհրաժեշտ է նշել, որ Ալիեւի բաց թողած «բադն» այնքան էլ ակտիվ չարաշահումների առարկա չդարձավ: Չափազանց ակնհայտ է, որ նախքան խաղաթղթերի բացահայտելն Ալիեւը դասավորել էր կապոցը: Ադրբեջանական առաջնորդի բաժանած պասիանսը ձեռնտու էր իրեն: Սակայն Ալիեւն, այնուամենայնիվ, հակառակորդին թողնում է մեկ հաղթաթուղթ: Նա նշում է, որ «հայկական կողմը, Լաչինի միջանցքի վերաբերյալ համաձայնություն պահանջելով, հրաժարվում է Ադրբեջանին ինքնավարություն տրամադրել Մեղրիի միջանցքի հանդեպ»: Նկատեք` այս տարբերակը չի հակասում կարգավորման վերաբերյալ հայկական կողմի նախկինում արտահայտած սկզբունքներին: Պաշտոնական Երեւանը եւ պաշտոնական Ստեփանակերտը գիտակցում են Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ հաղորդակցության առկայության կարեւորությունը եւ Մեղրիի տարածքով երկաթուղային հաղորդակցման վերսկսման հնարավորություն են տալիս:
Ի դեպ, այդ հարցի կարգավորումը չի կապվում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացների հետ: Հայկական կողմը պատրաստ է բացել ուղեփակոցը, հենց որ Ադրբեջանն ապահովի իր տարածքով հայկական բեռների անխոչընդոտ առաքումը:

Մինչ Ալիեւի «փարիզյան սկզբունքների» իր տարբերակի հրապարակումը, ոչ մի անգամ առիթ չի եղել կարծելու, որ Բաքվում, առավել եւս Մոսկվայում, Վաշինգտոնում եւ Փարիզում կարող են լրջորեն մտածել Հայաստանի կողմից «Մեղրիի միջանցքը» Ադրբեջանի հսկողությանը հանձնելու հնարավորության մասին: Այնուամենայնիվ, Ալիեւը հավաստում է, որ հայկական կողմը պարտավորվել է կյանքի կոչել նկարագրված սցենարը, սակայն չի կատարել իր խոստումը:

Եթե որոշենք հավատալ Փարիզում եւ Քի-Վեսթում ձեռք բերված պայմանավորվածության ձախողման պատճառի վերաբերյալ Ալիեւի հնչեցրած գնահատականի ազնվությանը, ապա անպայմանորեն կառաջանա հետեւյալ հարցը. այդ դեպքում ինչու՞ պաշտոնական Բաքուն այս ողջ ժամանակահատվածում ժխտում էր «փարիզյան սկզբունքների» գոյության փաստը, այն դեպքում, երբ պաշտոնական Երեւանը մշտապես հաստատում էր դրանցով ղեկավարվելու իր պատրաստակամությունը: ԻՆչու՞ երեք միջնորդները եւ Մինսկի խմբի համանախագահ երկրների այլ դիվանագետներ չէին թաքցնում այն, որ Երեւանում իրենց մոտեցումները ըմբռնում են: Միեւնույն ժամանակ, ամեն անգամ ժամանելով Բաքու` նրանք դժգոհություն էին հայտնում Փարիզում ձեռք բերված պայմանավորվածությունների խախտման վերաբերյալ: Այս ամենը, միթե, չի նշանակում, որ «փարիզյան սկզբունքների» բովանդակության վերաբերյալ Ալիեւի «հայտնությունը» զավեշտ է, որը նպատակ ունի հանրությանը մոլորության մեջ գցել ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում:

Սրան անհրաժեշտ է հավելել մի մանրամասնություն եւս, որը, թվում է, թե աննկատ է մնացել: Դեռեւս գարնանն Ալիեւը սկսել էր պատրաստվել «փարիզյան սկզբունքների» իր տարբերակի հրապարակմանը: Մայիսի 21-ին Բաքվի ԶԼՄ-ները տարածել էին տեղեկատվություն Հայաստանի նախագահի կողմից բանակցությունների գաղտնիության պայմանավորվածության խախտման մասին: Իբրեւ թե Ռոբերտ Քոչարյանը գիտակցաբար ապահովել էր երկու երկրների նախագահների առաջիկա հանդիպման մասին տեղեկատվության արտահոսք, որն իբր որոշվել էր չլուսաբանել: Նման մեղադրանքից հետո Ալիեւն իրեն բարոյական իրավունք տվեց խախտել «փարիզյան սկզբունքների» բովանդակության չհրապարակման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունը: Վերջին հաշվով, նա այդպես է մտածում: Իսկ ի՞նչ են մտածում միջնորդները: Ալիեւի «հայտնությանը» արձագանքելու հնարավուրություն նրանք մոտ օրերս կունենան: Ինչպես հայտնի է, այս շաբաթ Ստամբուլում եւ Տալինում տեղի կունենան առանձին հանդիպումներ Մինսկի խմբի համանախագահների եւ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ: Ֆրանսիան Ալիեւի գործելակերպի հանդեպ իր մոտեցումներն արդեն հայտնել է: Այս երկրի արտաքին գործերի նախարարը իր մամլո-քարտուղարի միջոցով հայտարարել է, որ «զարմացած է փարիզյան բանակցությունների որոշ մանրամասների` Ալիեւի հրապարակման փաստից»: Պաշտոնական Փարիզը գտնում է, որ «բանակցությունների մանրամասները պետք է գաղտնի մնան, մինչեւ կողմերը համաձայնության չգան»: Այսպիսով, լիովին չհաշվարկված Ալիեւի քայլը, ակնհայտորեն, հակառակ ազդեցությունն ունեցավ. Ադրբեջանի նախագահը միջնորդների աչքին կրկին անգամ անվստահելի գործընկեր դարձավ: Այսպիսինի հետ էլ ինչի՞ց խոսել: