AM
26 June 2002 - 00:00 AMT

ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՏԵՆՉՈՒՄ Է ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ԻՐ ԱՇԽԱՏԱՍԵՆՅԱԿ

Լեւոն Տեր-Պետրոսյանը դարձավ թվով երրորդ քաղաքական գործիչը (Ռոբերտ Քոչարյանից եւ Պարույր Հայրիկյանից հետո), որը վստահորեն հայտարարեց նախագահական աթոռի համար պայքարելու իր պատրաստակամության մասին: Չի կարելի ասել, որ երեկ հրապարակած Հայաստանի նախկին ղեկավարի պլաններն այդքան մեծ անակնկալ էին: Իրադարձությունների նմանատիպ զարգացումը շատերն էին կանխատեսում: Սակայն, հայտնի է, որ «Հայոց համազգային շարժում» կուսակցությունը ժամանակին ղեկավարած գաղափարաբանները «նախկինների»` իշխանության վերադառնալու այլ սցենարներ էլ էին մշակել: Առավել ճշմարտանման էր ներկայանում, մասնավորապես, այն սցենարը, որտեղ ղեկին կմոտենար նախկին ռեժիմի մեղքերի հետ առնչություն չունեցող առաջնորդի ստվերը: Առավել ազդեցիկ օպոզիցիոն ուժերի հետ «նախկինների» միավորումը եւ միասնական թեկնածուի առաջադրման համաձայնությունը կարող էին ընտրություններում հաղթելու ավելի մեծ հնարավորություններ ապահովել: Սակայն, օպոզիացիոն բանակում շատ քչերն հիացմունք արտահայտեցին իրեն վարկաբեկած քաղաքակական ուժի հետ համագործակցելու վերաբերյալ: Պայծառ խարիզմա ունեցող Արտաշեց եղամյանը դեմ չէ բլոկի առաջադրած թեկնածուն լինել, որում ներգրավված կլինի նաեւ ՀՀՇ-ն: Միայն թե նա առիթ չի տվել կարծելու, թե պատրաստ է իր ետեւից իշխանություն տանել բոլոր նրանց, ովքեր կպաշտպանեն իր թեկնածությունը:

Մի քանի ամիսներ ձգվող միջկուսակցական գաղտնի խորհրդակցություններն ավարտվեցին խորհրդարանի նախկին խոսնակ Բաբկեն Արարքցյանի հայտարարություններով այն մասին, որ «եղամյանն օպոզիցիայի բանակում իշխանությունների կողմից դրված ական է»: Անցյալ շաբաթ եղամյանն իրադրությունն իր հսկողության տակ վերադարձնելու վերջին փորձն արեց: Տեր-Պետրոսյանի հասցեին արված նրա ռեվերանսը մեկնաբաններին տեղիք տվեց ենթադրելու, որ այրված կամուրջները դեռեւս հնարավոր է վերականգնել: Օպոզիցիոն միության ոչպաշտոնական առաջնորդը հայտարարեց, որ «Լեւոն Հակոբիչը փորձառու եւ լուրջ քաղաքական գործիչ է », որին բոլորովին էլ անհրաժեշտ չէ ինքնահաստատվել նախընտրական արշավում: Հավանաբար եղամյանի հենց այս հայտարարությունն էլ ստիպեց Տեր-Պետրոսյանին շտապել ընտրություններին ինքնուրույն մասնակցելու մասին հայտարարելու համար:

Տեր-Պետրոսյանի երեկվա հայտարարությունը նշանակում է, որ բողոքական ընտրազանգվածի շարքերը կմասնատվեն, որը լիովին բավարարում է իշխանությանը: Այնպես որ, ընտրություններին ինքնուրույնաբար մասնակցելու որոշում կայացնելով ` հենց «նախկինները» օպոզիցիայի բանակում ական դրեցին: Երկու բանակների միջեւ ընտրություն կատարել ստիպված կլինեն ոչ միայն ընտրողները, այլեւ` քաղաքական ուժերը: Դժվար կլինի, մասնավորապես, նրանց համար, ովքեր հպարտանում էին ինչպես «նախկինների», այնպես էլ նախկին ռեժիմի հետ կապ չունեցող արմատականների հետ ընդհանուր լեզու գտնելու իրենց ունակությամբ: Խոսքն, առաջին հերթին, «Հանրապետություն» կուսակցության մասին է, որը ղեկավարում է ահաբեկիչների կողմից սպանված վարչապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը: Հանգուցյալ վարչապետը Լեւոն Տեր-Պետրոսյանին իշխանությունից հեռացնելու գլխավոր նախաձեռնողն էր: Իսկ նրա եղբայրն այսօր չի թաքցնում էքս-նախագահի թիմի հետ ունեցած իր կապերը: (Արամ Սարգսյանն իր համար պատիվ էր համարել Լեւոն Տեր-Պետրոսյանի հյուրը լինել, երբ նրան հրավիրել էին ՀՀՇ-ի գրասենյակ` անկախության օրը համախոհների նեղ շրջանով նշելու): «Հանրապետության» առաջնորդին անհրաժեշտ է իր գործընկերների հարցում վերջնականապես կողմնորոշվել: Բլոկի նրանց այժմյան համակիրներն այլեւս չեն կարող տանել գործընկերների` երկու աթոռին նստելու ձգտումները:

«Նախկինների» թիմում ակտիվորեն շարունակվում է ինտեգրացման գործընթացը: ՀՀՇ-ին միանալու մասին արդեն հայտարարել են «21-րդ դար» կուսակցության առաջնորդները, որը ղեկավարում է Տեր-Պետրոսյանի բարեկամ, ազգային անվտանգության նախկին նախարար Դավիթ Շահնազարյանը: Առաջնորդին հավատարիմ են մնում նաեւ այլ քաղաքական ուժեր, որոնք նախանցյալ տարի ստեղծել էին հայտարարված, բայց այդպես էլ չկայացած «աջ ուժերի ալյանսը»: Դրանցից են, առաջին հերթին, խորհրդարանի նախկին խոսնակ Բաբկեն Արարքցյանի հիմնադրած «Արմատ» կազմակերպությունը, լիբերալ-դեմոկրատները` երեք կուսակցություններ փոխած Վիգեն Խաչատրյանի ղեկավարությամբ եւ նախկին վարչապետ, այսօր` Երեւանի կոնյակի գործարանի տնօրենի տեղակալ Հրանտ Բագրատյանի ղեկավարած «Ազատություն» կուսակցությունը:

Դեռեւս վաղ է խոսել ընտրական արշավի առաջնորդների հնգյակում Տեր-Պետրոսյանի հայտնվելու հնարավորության մասին: Էքս-նախագահը նոր-նոր է ստանձնում բարձր պետական պաշտոնի հավակնորդի դերը, եւ ընտրողին դեռեւս անհրաժեշտ է դրան հավատալ: Բացառված չէ, որ նրա վարկանիշը դեռ կավելանա: Սակայն առայժմ, տարբեր ուսումնասիրողների տվյալներով, Տեր-Պետրոսյանը մեծ դժվարությամբ է համալրել հարյուր ազդեցիկ քաղաքական գործիչների վարկանշային ցուցակի քառորերորդ մասը: