AM
9 July 2002 - 00:00 AMT

ԹՈՒՐՔԱԿԱՆ ՕԼԻԳԱՐԽՆԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԲԱՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ

Գործարար շրջաններում արժանիորեն բավականին ազդեցիկ մարդ համարվող Ռֆատ Խիսախջողլու հայտարարությունը Հեյդար Ալիեւի ասածի լավագույն պատասխանը եղավ, որը վերջերս Կարս կատարած իր այցելության ժամանակ հանդիմանեց թուրք գործարարներին հայերի հետ շփվուց չխորշելու համար: «Ես գիտեմ, որ Կարսից Հայաստան են այցելում նույնիսկ ադրբեջանցիները: Սակայն չի կարելի այդ քայլին գնալ հանուն չնչին շահույթի»,- այդ ժամանակ հայտարարել էր Ալիեւը:

Միաժամանակ Ադրբեջանի նախագահը հույս էր հայտնել, որ «կգա ժամանակը, եւ տնտեսական խնդիրները ծնկի կբերեն Հայաստանին»: Ազգայնախոհ օլիգարխներին համախմբող Թուրքիայի բիրժաների միությունը, ինչպես պարզվեց, հակառակ կարծիքի է: Թուրքական բիրժայի ներկայացուցիչների կանխատեսումների համաձայն` հենց Թուրքիան կարող է ծնկաչոք վիճակում հայտնվել, եթե անհապաղ չբացի Հայաստանի հետ սահմանները եւ նրա հետ հաստատի տնտեսական կապեր: Էլ ու՞մ, եթե ոչ գործարարներին է հայտնի երկրի տնտեսական իրավիճակի իրական պատկերը:
Այժմյան սրվող տնտեսական ճգնաժամն անմիջականորեն կապված է սաստկացող քաղաքական ճգնաժամի հետ, որն էլ եւ վաղաժամկետ ընտրությունների անհրաժեշտությունն է բերում: Թուրքիայի ֆոնդային շուկան տենդի մեջ է հայտնվել սկսած այն ժամանակից, երբ լուրեր տարածվեցին նախարարների կաբինետի աշխատանքները ղեկավարելու` երկրի կառավարության ղեկավարի անկարողության մասին: Այժմ արդեն համարյա ոչ ոք չի կասկածում, որ արագ տեմպերով զարգացող Պարկինսոնի հիվանդությունը թույլ չի տա 78-ամյա վարչապետ Բյուլեթ Էջեվիթին մինչեւ սահմանված ժամկետը ղեկավարել: Թուրքական քաղաքականության վետերանի հրաժարականը կամ վատթարագույնը` մահը, Անկարայի համար աղետալի կլինի, քանի որ հենց Էջեվիթի անձով պայմանավորված միայն Համաշխարհային տարադրամի հիմնադրամը 16 միլիարդ դոլարի հսկայական վարկ է հատկացրել թուրքական մեռնող տնտեսության ապաքինման համար: Իր չափերով աննախադեպ վարկի հետագա տրանշերը ստանալու հեռանկարները ամենից առաջ կախված է ժամանակին Էջեվիթի անձի շուրջ ստեղծված, այժմ իշխանության գլուխ անցած կոալիցիայից: Նոր ընտրությունները կազդարարեն ալիանսի փլուզումը:

«Էկոնոմիստ» ազդեցիկ ամսագիրը թուրքական տնտեսությն մեջ նոր խնդիրների առաջացում է կանխատեսում նույնիսկ այն դեպքում, եթե Էջեվիթին, այնուամենայնիվ, հաջողվի մնալ ղեկին: Ամսագրի վերլուծաբանն այն կարծիքին է, որ, եթե վարչապետը չհեռանա, նա վտանգի տակ կդնի ՀՏՀ-ի ծրագիը եւ երկրի` Եվրախորհրդին անդամագրվելու գաղափարի վրա խաչ կքաշի: Ստացվում է փակ շրջան:

Ժամկետից շուտ ընտրությունների անցկացման դեպքում փաստացի իշխանությունը կարող է անցնել նաեւ Ժողովրդական կուսակցության առաջնորդ, փոխվարչապետ Դավլեթ Բախչելիին, որն էլ կվատթարացնի ԵԽ-ի հետ Անկարայի առանց այն էլ սառը հարաբերությունները: Կիրակի օրը Բախչելին ելույթով կոչ է արել խորհրդարանի արտահերթ նիստ գումարել եւ նոյեմբերի մեկին արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշում ընդունել: Այս հայտարարությունն աղմուկ է առաջացրել: Հատկանշական է, որ ղեկավարող կոալիցիայի անդամ կուսակցությունները մեկ օր առաջ հայտարարություն էին տարածել արտահերթ ընտրությունների անցկացման աննպատակահարմարության մասին: Բուխչելիի ելույթից հետո մեկ այլ փոխվարչապետ եւ վարչապետի պաշտոնի հավակնորդ Մեսութ Իյլմազը նույնպես նոյեմբերին ընտրություններ անցկացնելը հնարավոր է համարել, «եթե ժողովուրդը պահանջի»: Փորձագետների կանխատեսումների համաձայն` կառավարության ղեկավարի պաշտոնի համար պայքարում կարող են ներգրավվել նաեւ ներքին քաղաքականության գերատեսչության ղեկավար Իսմաիլ Ջեմը եւ Տնտեսության նախարար Քյամալ Դերվիշը: Վերջինիս անձը միանշանակ չի ընդունվում Թուրքիայի գործարար աշխարհի էլիտայի կողմից: Բիրժայի ներկայացուցիչների հենց նույն միությունը երկրում տիրող տնտեսական ճգնաժամային իրադրության պատասխանատվությունը դրել է հենց Դերվիշի վրա:

Քյամալ Դերվիշը Թուրքիայի գործնական պետական գործիչներից մեկն է: Ի տարբերություն ոմանց` նա հստակ գիտակցում է, որ նույնիսկ բազմամիլիարդ կրեդիտները չեն փրկի երկրի տնտեսությունը: Դեռեւս նոյեմբերին նա հայտարարել է, որ կարիք չկա մեծ հույսեր կապել խոստացված վարկերի հետ: Հայտնի է, որ նվազագույնը հինգ միլիարդ դոլար անմիջապես պետք է վերադարձվի նախկինում վերցված վարկերի տոկոսների տեսքով: Այսինքն, Թուրքիան պարտք է վերցնում միայն, որպեսզի կարողանա վերադարձնել հին պարտքերը: Դերվիշի կարծիքով, ՀՏՀ-ի վարկերն իրականում ոչ հնարավորություն կտան ոտքի կանգնեցնել արդյունաբերությունը, ոչ էլ ստեղծել նոր աշխատատեղեր: Միեւնույն ժամանակ, պարտքերը փակելու այլ ճանապարհ նա չի տեսնում: Ինչպես նաեւ, ստանալով վարկը` Թուրքիան դառնում է ՀՏՀ-ի մեծագույն պարտապանը, որի պարտքն ընդհանուր չափով կազմում է 31 միլիարդ դոլար` առաջ անցնելով 22 միլիարդի պարտապան Արգենտինային: Ստացված գումարները երբեւէ վերադարձնելու հնարավորությունները հավասար են զրոյի: Փորձագետների վկայությամբ, այժմյան ճգնաժամը հիսուն տարիների ընթացքում ամենախորն է: