AM
11 July 2002 - 00:00 AMT

ՆԱՎԹԱԴՈԼԱՐՆԵՐՆ ԱՐԺԵԶՐԿՎՈՒՄ ԵՆ` ԱԴՐԲԵՋԱՆՆ ԱՂՔԱՏԱՆՈՒՄ Է

Նավթային բիզնեսի եկամտաբերության իջեցումը պայմանավորված է նավթային արտադրանքի պահանջարկի համընդհանուր կրճատմամբ, որի արդյունքում, ինչպես սպասվում է, գները կիջնեն ՕՊԵԿ-ի անդամ-երկրների հաստատած գների սահմանից: Ինչպես հայտնի է, արտահանողների համար օպտիմալ է համարվում մեկ բարելի դիմաց 22-ից 28 դոլար գնային սանդղակը: Չնայած այժմ գները տատանվում են 25 դոլարի միջեւ, վերլուծաբանները կանխատեսում են, որ հաստատագրված գները կիջնեն նույնիսկ կարտելի սահմանած ներքին սանդղակի սահմաններից: Նման հեռանկարը կարող է հանգեցնել Ադրբեջանի տնտեսության լիովին փլուզմանը, որն ամբողջովին կապված է նավթի հետ: Եթե ածխաջրածնային հումք արտահանող այլ երկրներում նավթային խառնաշփոթն արդեն հանգեցրել է այլ բնագավառների զարգացմանը, ապա Ադրբեջանը ստիպված է հույսը դնել միայն նավթի վրա:

Այս երկրի բյուջեի եկամտի 34,7 տոկոսը բաղկացած է նավթի արտահանման անմիջական հարկերից: Եւս 50 տոկոս եկամուտ են ապահովում նավթի հետ անուղղակիորեն կապված աղբյուրներից ստացված մուտքերը: Եթե ամերիկյան փորձագետների կանխատեսումներն իրականանան, ապա ադրբեջանական պետական այրերը ստիպված կլինեն կրկին մտածել պետական բյուջեի վրա սեկվեստր հաստատելու անհարժեշտության մասին, քանի որ պետական պարտականությունների իրականացումը սկզբունքորեն անհնար կդառնա: Ամեն դեպքում, ակնհայտ է, որ հնարավոր չի լինի խուսափել սոցիալական ոլորտի լուրջ խնդիրներից` աշխատավարձերի, թոշակների եւ նպաստների վճարման ուշացումներն անխուսափելի կլինեն: Այսպիսով, Ադրբեջանը կրկին կարող է հայտնվել հերթական տնտեսական անդունդի եզրին: Լիովին իրական է դառնում երկրի վերադարձը 1998 թվականի «սեւ օրեր», երբ աննախադեպ էներգետիկ ճգնաժամը բերեց նրան, որ բնակարաններում եւ ձեռնարկություններում շաբաթներով էլեկտրաէներգիա չէր մատակարարվում:

Ածխաջրածնային հումքի պահանջարկի իջեցումը հղի է ոչ միայն ժամանակավոր բարդություններով, այլեւ` գլոբալ խնդիրներով, քանի որ վտանգի առաջ կհայտնվեն Ադրբեջանից նավթ արտահանելու ծրագրերի իրականացումները: Ինչպես հայտնի է, Բաքու-Թբիլիսի-Ջեյխան նավթամուղի շինարարությունը արդյունավետ կլինի միայն ոչ ցածր, քան բարելի դիմաց 20 դոլար նավթի գների առկայության դեպքում: Այս սահմանից հաստատված գների իջեցումը անխուսափելիորեն կանդրադառնա միջազգային խոշոր բանկերի միավորումների պլանների վրա:

Նավթի համաշխարհային գների անկումն համընկավ Բաքվից մի շարք անդրազգային նավթային ընկերությունների դուրս գալու հետ, որոնք կորցրել էին ադրբեջանական նավթի հեռանկարների հանդեպ վստահությունը: Դրանցից վերջինը եղավ ամերիկյան «ExxonMobil» ընկերությունը: Վերջերս ֆիրման հայտարարել է «Օգուզ» ծովային հանքի ուսումանսիրման եւ մշակման ծրագրից հեռանալու մասին: Ընկերության ղեկավարները նշել են, որ իրենց որոշումը պայմանավորված է ածխաջրածնային պաշարների կոմերցիոն եկամուտների գոյության կասկածներով: Կանխավ ենթադրվում էր, որ Օգուզ հանքը պարունակում է շուրջ 95 միլիոն տոննա նավթ: “ExxonMobil”-ի հորատման բացասական արդյունքները Բաքվի համար արդեն երրորդ տխուր լուրն էր վերջին ժամանականերում: “Agip” իտալական նավթային ընկերության ղեկավարած կոնսորցիումը Քյուրդաշի հանքում չէր գտել ածխաջրածնի զգալի պաշարներ: Ֆրանսիական “TotalFinaElf” խումբը հայտարարեց Լենկորան-Թալիշ-Դենիզ հանքի ձախողման մոտ լինելու մասին: Դեռեւս հարցականի տակ է մնում գրավիչ “Chevron”-ը, որի երկրաբանները նախկինում տրիլիոն խորանարդ մետր գնահատված Ապշերոն հանքում փնտրում են գազի պաշարների առկայության վկայություններ: Այսպիսով, ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանի ընդերքում գոյություն ունեցող ածխաջրածնային հումքի հսկայական պաշարների մասին լեգենդն արդեն ոչ ոքի մոտ այն հետաքրքրությունը չի առաջացնում, որը դեռեւս կար մի քանի տարի առաջ: