AM
12 July 2002 - 00:00 AMT

ՇՐՋԱՓԱԿՈՒՄԸ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԽՈՉԸՆԴՈՏ ՉԷ

Կամ ադրբեջանական նախարարը վատ հիշողություն ունի կամ նա շատ վատ է տեղեկացված: Ներդրումային գործունեության տեմպերի աճի մասին իմանալու համար անհրաժեշտություն չկա լրտեսներ ուղարկել Ղարաբաղ: Նմանատիպ տեղեկությունը միանգամայն հասանելի է նույնիսկ ադրբեջանական զանգվածային լրատվամիջոցներին, որոնք, իմիջիայլոց, շատ են սիրում գրել այդ թեմայով: Բոլորովին վերջերս Բաքվի թերթերն աղմուկ բարձրացրին Լեռնային Ղարաբաղի եւ Իրանի միջեւ ծավալվող տնտեսական համագործակցության շուրջ: Մասնավորապես լարված ուշադրության առարկա էր դարձել Ստեփանակերտում իրանական գործարարների հիմնած գազատարերի, ջրատարերի եւ ոռոգման համակարգերի շինարարության մեջ օգտագործվող պոլիելիթային խողովակներ արտադրող ձեռնարկությունը: Հայտնի է, որ գործարանի արտադրանքի հիմնական մասը արտահանվելու է: Նոր արտադրական ձեռնարկություն ստեղծելու փաստը մեկնաբանելով` «Էխո» թերթն իր ընթերցողներին հավաստիացնում է, թե Ղարաբաղի տնտեսության մեջ մասնավոր կապիտալի ներդրոմը հավանության է արժանանում պաշտոնական Թեհրանի կողմից: Եթե ղեկավարվենք Բաքվի լրագրողների տրամաբանոթյամբ, ապա անհրաժեշտ կլինի ընդունել, որ ղարաբաղյան տնտեսության մեջ ներդրումներ կատարելը հավանության է արժանանում նաեւ Իտալիայի, Բրիտանիայի, Ֆրանսիայի, Բելգիայի, Միացյալ նահանգների, Կանադայի, Սիրիայի, Լիբանանի, Ռուսաստանի, Ավստրալիայի եւ մի շարք այլ երկրների ղեկավարությունների կողմից, որոնց գործարարներն արդեն գործում են կամ պատրաստվում են գործել ԼՂՀ-ում:

Ղարաբաղի կառավարությունը կապիտալի ներդրման համար առավել հեռանկարային է համարում գյուղատնտեսական մթերքների վերամշակման, գինեգործության, հյուրանոցային բիզնեսի, տուրիզմի, բարձր տեխնոլոգիաների, բնակարանային շինարարության, բանկային, ոսկերչական իրերի արտադրության, կապի, էներգետիկայի ոլորտները: Այս ոլորտները ներկայացնող ձեռնարկություններից շատերն արդեն գործընկերներ են գտել արտասահմանում եւ արտաքին ներդրումների շնորհիվ ոտքի են կանգնել: Բացի արդեն նշված «Ֆրանկ Մյուլլեր» ընկերությունից, Ղարաբաղում գործում է մեկ այլ շվեյցարական ընկերություն` մրգերի վերամշակմամբ զբաղվող «Անդրե Գրուպ»-ը: ԼՂՀ-ի վարչապետի հետ հանդիպման ընթացքում շվեյցարական մի քանի ընկերությունների ղեկավարները հաստատել են փոքր հիդրոէլեկտրակայանների շինարարության ծրագրերին մասնակցելու եւ միանգամյա սրսկիչներ եւ արյան փոխներարկման սարքավորումներ արտադրող ձեռնարկություններ հիմնելու` իրենց հետաքրքրվածությունը: Իտալացիներին մեծամասամբ հետաքրքրում է Ղարաբաղում տուրիզմի զարգացման հեռանկարները: Հռոմից ժամանած մասնագետներն արդեն մշակել են Ստեփանակերտում նոր հյուրանոցային համալիրի շինարարության բիզնես-պլանը եւ նախապատրաստվում են այն իրականացնել: Հյուրանոցային բիզնեսում ներդրումային միջոցներով է հետաքրքրված նաեւ բելգիացի ձեռներեց Ջոն Մալկոլմը: Վերջերս ԼՂՀ այցելության ընթացքում նա նաեւ հայտնել է բնակարանային շինարարության ծրագրերի ֆինանսավորմանը մասնակցելու` իր պատրաստակամության մասին:

Նորաստեղծ «Ղարաբաղ- Տելեկոմ» ընկերության սեփականտեր լիբանանյան «TMF» ֆիրման Լեռնային Ղարաբաղի հեռահաղորդակցական համակարգում արդեն շուրջ 12 միլիոն դոլարի ներդրում է կատարել: Ընկերությունը պատրաստվում է մոդեռնիզացնել ԼՂՀ-ի հեռահաղորդակցական ոլորտը եւ բջջային եւ փեյջերային կապ ապահովել: Լիբանանյան եւ սիրիական ձեռներեցները մշակել են եւ պատրաստվում են ներդրումային ծրագրեր իրականացնել կաշվի վերամշակման, ոսկերչական գործի, հանքային ջրերի եւ հյութերի արտադրության ոլորտներում: Արաբական պետությունների գործնական աշխարհի հետ կապերը համակրգում է Մերձավոր Արեւելքի երկրներում ԼՂՀ-ի մշտական ներկայացուցիչ Կարապետ Կաբաբջյանը: Մոսկովյան «Սրետենկա» ընկերությունը եւ «Մարկոս Գրուպ» կոնցեռնը Ղարաբաղում առայժմ իրականացնում են երկու մեծածավալ ծրագրեր: Ռուսական ներդրումերի շնորհիվ կառուցվել է բարձրորակ մանրահատակ արտադրող գործարան, որը մեծ պահանջարկ ունի նույնիսկ Մոսկվայում: «Սրետենկա» ընկերության հիմնադիրները պատրաստ են ԼՂՀ-ում կապիտալ ներդնել բարձր տեխնոլոգիաների ոլորտի ձեեռնարկություններ ստեղծելու գործում: Իսկ առայժմ նրանց օգնությամբ Ստեփանակերտում ձեւավորվում է ծրագրավորողների պատրաստման համակարգչային ուսումնական կենտրոնը:

ԼՂՀ-ի տնտեսության վերականգման ծրագրերում արտասահմանյան ներդրողների մասնակցության թվարկված օրինակները հաստատում են, որ շրջափակման միջոցով Ղարաբաղի տնտեսական մեկուսացմանը հասնելու` պաշտոնական Բաքվի փորձերն անարդյունավետ են: Համաշխարհային տնտեսության համակարգին ինտեգրվելու Ղարաբաղի քայլերը չնայած դանդաղ, բայց շարունակվում են: