AM
13 July 2002 - 00:00 AMT

ՀԵՇՏ ՉԻ ԼԻՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԼԵԶՈՒ ԳՏՆԵԼ ԷՋԵՒԻԹԻՆ ՓՈԽԱՐԻՆՈՂԻ ՀԵՏ

Թուրքիայի իշխանության ճգնաժամը մոտենում է իր գագաթնակետին: Արդեն հենց ինքը` վարչապետ Բյուլեթ էջեւիթը, հնարավոր է համարում արտահերթ ընտրությունների անցկացումը: Վարչապետի մոտ նման մտքեր հայտնվեցին, երբ նրան լքեցին ամենամոտ զինակիցները` արտաքին գերատեսչության ղեկավար Իսմայիլ Ջեմը, ֆինանսների նախարար Քյամալ Դերվիշը եւ գլխավոր օգնական Խուսամետդին Օզկանը: Նրանց հետ Էջեւիթի ղեկավարած Ձախ դեմոկրատական կուսակցությունից հեռացան նաեւ Ազգային ժողովի տասնչորս պատգամավոր: Վարչապետի նախկին զինակիցները հայտարարել են նոր քաղաքական ուժի ստեղծման մասին, որի նպատակն է լինելու կանխել Եվրոպայի մոտեցման գործում երկրի ձեռքբերումների նահանջները:

Էջեւիթին իշխանության գլխին պահելն անհեռանկարային համարելով` նրա երեկվա զինակիցները որոշեցին զոհաբերել վարչապետին հանուն իրենց անցկացրած բարեփոխումների պահպանման: Սակայն ազգայնամոլների իշխանության գալու վտանգից Թուրքիային ազատելու ձգտումներն առայժմ հակառակ ազդեցությունն են ունենում: Ուժերի տեղաբաշխումը բերեց նրան, որ Ազգային շարժում կուսակցությունը իշխող կոալիցիայում ունեցավ ամենաշատ ներկայացուցիչները, իսկ անձամբ փոխվարչապետ Դովլեթ Բախչելին դարձավ կառավարության ամենազդեցիկ դեմքը: Ապագա կաբինետում վարչապետի պաշտոնի նրա հավակնությունները լիովին բնական են դառնում: Սահմանադրության համաձայն` կաբինետի հրաժարականի դեպքում, նոր կառավարության ձեւավորման գործը դրվում է խորհրդարանական մեծամասնություն կազմող կուսակցության ղեկավարի վրա: Տվյալ դեպքում դա Բախչելին է:

Թուրքիայի քաղաքական արենայում փոխվարչապետի ղեկավարած Ազգային շարժում կուսակցությունը հայտնվեց որպես «Գորշ գայլեր» (տես` www.panarmenian.net/stickers) անվամբ հայտնի ծայրահեղական խմբավորման քաղաքական տանիք: Իր ծրագրային դիրքորոշումները որոշ չափով փոփոխելով` կուսակցությունն, այնուամենայնիվ, հավատարիմ է մնացել թուրքերի ազգային բացառիկության գաղափարին: Ըստ էության մարգինալ կուսակցությունը խորհրդարանական ընտրություններում լուրջ հաջողության հասավ ակնհայտ շովինիստական բովանդակությամբ վուլգար կարգախոսների շնորհիվ: Բախչելին իր կարիերան ստեղծեց քուրդերի եւ անձամբ Աբդուլա Օջալանի հանդեպ թուրքերի ունեցած ատելության շահարկմամբ: Դովլաթ Բախրելիի որդեգրած Եվրախորհրդի զիջումների հանդեպ Թուրքիայում տարածված անհանդուրժողական գաղափարները համընկնում են մահապատժի պահպանման եւ քրդերեն ռադիոհեռարձակման եւ ուսուցման արգելքի վերացման անթույլատրելիության հետ:

Ինչպես Արեւելքը, այնպես էլ Թուրքիայի հարեւանների մեծ մասը շահագրգրռված են, որ Ջեմի, Դերվիշի եւ Օզկանի ստեղծած նոր կուսակցությունն արագորեն ոտքի կանգնի եւ կարողանա ազգայնականների իրական այլընտրանքը դառնալ: Եթե խորհրդարանում «եվրոպացի» եռյակին հաջողվի բավականաչափ համակիրներ գտնել եւ ձեւավորել բազմամարդ պատգամավորական խումբ , նախագահ Սեզերն իրավասու կլինի նոր կառավարության ձեւավուրումը հանձնարարել ոչ թե Բախչելիին, այլ` նոր կուսակցության ղեկավարին: Միայն այդ դեպքում Հայաստանը կարող է հուսալ Անկարայի հետ սկսված երկխուսության շարունակությունը: