AM
18 July 2002 - 00:00 AMT

ՔՐԻՍՏՈՆՅԱ ԵՐՈՒՍԱՂԵՄԸ ՍՊԱՌՆԱԼԻՔԻ ՏԱԿ Է

Արաբական ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն, իսրայելական զորքերի հրամանատարությունը պատրաստվում է հայկական պատրարքարանի դիվանատան տարածքում տեղավորել բանակային շտաբը: Թել-Ավիվում որոշել են չսպասել «Հավերժական քաղաքի» հետագա կարգավիճակին առնչվող բանակցությունների նոր փուլին: Երկրի իշխանությունները նախընտրել են աշխարհին կանգնեցնել ավարտված փաստի առաջ` ըստ էության, պատի շինարարությամբ փորձ է արվում քարտեզը վերագծել Իսրայելին ձեռնտու տարբերակով: (Պատը կոչված է հայկական հատվածի նկատմամբ ինքավարություն հաստատելուն: Իսկ ուղղափառ-ֆրանցիսկյան հատվածը հրեաները պատրաստ են զիջել Պաղեստինի): Միաժամանակ, ոչ մի օրինական հիմք չկա երկու քրիստոնեական հատվածները երկու պետությունների միջեւ բաժանելու համար:

Հայ առաքելական, Հռոմի կաթոլիկ եւ հունական ուղղափառ եկեղեցիները սկզբունքորեն դեմ են քրիստոնեական հատվածների բաժանմանը: Մոտեցումը միանշանակ է` արեք, ինչ ուզում եք, սակայն քրիստոնյա Երուսաղեմը պետք է մեկ պետության կազմում լինի, միեւնույն ` որ: Սակայն քրիստոնյաների համար լավագույն տարբերակ է առաջարկվում Իսրայելի ողջ պատմական հատվածին հատուկ չեզոք կարգավիճակ տրամադրելը, որը կապահովի երեք կրոնների հավատացյալների իրավունքների պաշտպանությունը:

Դեռեւս մոտ 1500 տարի առաջ ձեւավորված Երուսաղեմի հայկական հատվածը զբաղեցնում է 150 քառակուսի մետր տարածք: Այն կազմում է հին քաղաքի մեկ վեցերորորդ մասը: Չափերով զիջում է միայն արաբականին եւ զգալիորեն գերազանցում է հրեականը: Աշխարհագրական դիրքն այնպիսին է, որ Իսրայելի հարավային մասում գտնվելով` հայկական թաղամասն ունի չափազանց կարեւոր ռազմավարական դիրք: Քաղաքի հայկական մասով են անցնում հիմնական հաղորդակցության միջոցները: Քաղաքի հայկական հատվածի նկատմամբ վերահսկողությունը կապահովի ուշադրության կենտրոնում պահել Հավերժական քաղաքի բոլոր սրբավայրերը: Այս հանգամանքն էլ հենց բերել է նրան, որ հայկական թաղամասը դարձել է կռվախնձոր:

Պաշտոնական Երեւանը բավականաչափ հիմքեր ունի նվազագույնը հակամարտության հետաքրքրված կողմ համարվել: Առաջին հերթին, Երուսաղեմի պատրիարքարանը Հայ առաքելական եկեղեցու մասն է կազմում, որի կենտրոնը Սուրբ Էջմիածինն է: Երկրորդը` Երուսաղեմի հայկական մասում բնակվող հայերի մեծ մասը քաղաքացիություն չունեցող անձինք են, եւ, նկատի ունենալով էթնիկական կողմը, միայն պաշտոնական Երեւանն է կարող եւ իրավունք ունի նրանց իրավունքերի պաշտպանության երաշխավորը լինել: Հաշվի առնելով այս երկու հանգամանքները` քեմփդեվիդյան բանակցությունների նախօրյակին Երեւանն անուղակիորեն ներգրավվեց Երուսաղեմի ապագա կարգավիճակի մասին խորհրդակցությանը: Ռոբերտ Քոչարյանը, մասնավորապես, այդ թեման քննարկել է Պաղեստինի առաջնորդ Յասեր Արաֆաթի հետ, որն ըմբռնումով է մոտեցել հայկական կողմի փաստարկներին: Արդյունքում Քեմփ-Դեվիդում մերժվել է երկու պետությունների միջեւ հայկական եւ քրիստենեական հատվածների բաժանումը նախատեսող տարբերակը:

Սրան հակառակ, Այսօր Իսրայելը շարունակում է պատի կառուցումը: Իսկ սրան չեն փորձում միջամտել մերձարեւելյան կարգավորման բանակցությունների հովանավորը համարվող մեծ տերությունները: Եթե Մոսկվային կամ Վաշինգտոնին ձեռնտու է կարգավորման ցանկացած կենսունակ տարբերակը, ապա Երեւանի համար ներկա իրադրությունը կարեւոր է ոչ միայն համաերկրացիների շահերի պաշտպանության, այլ նաեւ Երուսաղեմի հայկական պատրիարքարանի դարերի ընթացքում հաստատված անձեռնմխելիության հատուկ կարգավիճակի պահպանման տեսանկյունից: Մոտ հազար հինգ հարյուր տարի առաջ հիմնված Առաքելական եկեղեցու Երուսաղեմի գահաթոռը ողջ աշխարհում ընդունվում է որպես Աստծո դամբարանի պահապաններից մեկը, եւ այս փաստը ճիշտ մոտեցման դեպքում թույլ կտա Երեւանին միջազգային կարեւոր գործընթացների ակտիվ մասնակիցը դառնալ: Այս պատասխանատու պահին անտարբերության մի փոքր դրսեւորումը հղի է իրադրության վերահսկողությունը կորցնելու վտանգով: