Առավել հաճախ Ադրբեջանցիները դժվարություններ են ունենում ,J-1ե վիզա ստանալիս, որը տրվում է ուսման նպատակով մեկնող ուսանողներին եւ այլ անձանց: Սեպտեմբերի մեկին ամերիկյան համալսարանների լսարաններում ադրբեջանցի ուսանողների թիվն այսքան քիչ չէր եղել, որքան վերջին տարիներին: Միգրացիոն ծառայությունների կողմից ուսանողներին տրվող վիզաների խստացրած կարգը լրիվ բնական է, քանի որ հայտնի է, որ Նյու Յորքում եւ Վաշինգտոնում իրականացրած ահաբեկչական գործողությունների մի քանի մասնակիցներ ԱՄՆ-ում էին հայտնվել հենց ,J-1ե վիզաներով:
Բաքվում հրապարակվող «Էխո» թերթի տեղեկատվության համաձայն` սեպտեմբերի 11-ից հետո ԱՄՆ մեկնելու իրավունք տվող վիզաների հատկացման թիվն իսկապես կրճատվել է: Նման միտում է նկատվում նաեւ Կանադայում: Այս փաստը հաստատում է նաեւ Ադրբեջանի Ռեսուրսային միգրացիոն կենտրոնի տեղեկատվական ծրագրի ղեկավար Ազեր Ալլահվերանովը` դժգոհելով ադրբեջանցիների հանդեպ ամերիկացիների հատուկ կողմնապահ վերաբերմունքից: Նրա խոսքերով, Բաքվում չէին կարծում, որ վիզաների տրամադրման խստացված կարգը կառնչվեր նաեւ Ադրբեջանի քաղաքացիներին: «ԱՄՆ-ի միգրացիոն ծառայությունները մեծ կասկածանքով են վերաբերվում ահաբեկիչ երկրների «սեւ ցուցակում» հայտնված պետությունների ուսանողներին: Սա է պատճառը, որ քաղաքացիները մեծ դժվարությունների են հանդիպում: Սակայն, այս հանգամանքը չպետք է առնչվեր Ադրբեջանին, քանի որ երկրի ղեկավարությունը սեպտեմբերի 11-ի իրադարաձությունների, ինչպես նաեւ հակաահաբեկչական արշավի վերաբերյալ իր միանշանակ վերաբերմունքն է արտահայտել»,- ասել է Ալլահվերանովը:
Միաժամանակ, դժվար է հասկանալ նրա զարմանքը: Չէ որ հայտնի է, որ դեռեւս անցյալ տարվա դեկտեմբերի սկզբին Վաշինգտոնում հրապարակվել է այն երկրների ցուցակը, որտեղ գործում են «Ալ-Քաիդա» ահաբեկչական ցանցի ճյուղավորումները: Այդ փաստաթղթում Ադրբեջանը դեռեւս ներառված է: Ամերիկայում հատուկ վերաբերմունք ունեն ցուցակում ներառված պետությունների քաղաքացիների հանդեպ: Վերեւից իջեցված հրամանով ղեկավարվելով` անցյալ տարվա վերջին ԱՄՆ-ի միգրացիոն ծառայությունները թույլ չեն տվել երկիր մուտք գործել ադրբեջանցի մարզիկներին, որոնց չի թույլատրվել մասնակցել Նյու Յորքում կայանալիք հունա-հռոմեական եւ ազատ ոճի ըբշամարտի աշխարհի առաջնությանը: Կանադայում նույնպես կարծում են, որ հիմքեր կան Ադրբեջանից զգուշանալու համար: Օտտավայում հրատարակվող “Globe and Mail” թերթի տվյալներով` Ադրբեջանը ներառված է Կանադայի միգրացիայի գործերով նախարարության մասնագետների կազմած «անվստահելի» երկրների ցուցակում, որոնք միջազգային ահաբեկիչների պատրաստման կենտրոններ կարող են լինել: Համապատասխան ծառայություններին իրավունք է վերապահվել մեկնելու թույլտվություն տալու դեպքում հատուկ ուշադրություն դարձնել ցուցակում ներառված պետությունների քաղաքացիներին, ինչպես նաեւ նրանց, ովքեր թեկուզ մեկ անգամ եղել են այդ երկրներում:
Այսպիսով, չնայած, որ պաշտոնական Բաքուն ակտիվորեն ձգտում է աշխարհին ցուցադրել ամերիկացիների անցկացրած հակաահաբեկչական գործողություններին աջակցելու իր ձգտումները, ակնհայտ է, որ օվկիանոսից այն կողմ գիտակցում են, որ Ադրբեջանից դեռեւս ահաբեկչության վտանգ կարող է լինել: