AM
22 September 2002 - 00:00 AMT

ԹԵԼ ԱՎԻՎԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԽՆԴՐԵԼ ՀԱՅԵՐԻՑ

Պաշտոնական Թել Ավիվը պատրաստ է ընդունել Առաքելական եկեղեցուն պատկանող տարածքներում Իսրայելի զինված ուժերի նախկինում իրականացրած գործողությունների ախալականությունը: Իսրայելի ղեկավարության ներկայացուցիչներն այժմ արդեն խոստովանում են, որ ձիթենու դարավոր այգիներով պատի անցկացման փորձերը հապճեպ կայացրած որոշման արդյունք էին եւ չեն խոսում Իսրայելի իշխանության կողմից Երուսաղեմի պատրարքարանի Հայ եկեղեցու սեփականությունը համարվող հողերը զավթելու մասին: «Պարզապես կառավարությանն անհրաժեշտ էր որոշ ժամանակով այդ հողերը օգտագործել երկրում ահաբեկչության տարածման կանխման համար»: Այսպես են այժմ իսրայելական դիվանագետները մեկնաբանում բանակի գործողությունները: Միաժամանակ, ակնհայտ է, որ եթե Թել Ավիվի հավակնությունների հանդեպ միջազգային հանրության արձագանքը նվազ կոշտ լիներ, ապա իսրայելցիները չէին էլ մտածի ներողություն խնդրել: Հիշեցնենք, որ հողային տարածքների զավթումից անմիջապես հետո իսրայելական բանակի հրամանատարությունը հայտարարեց, որ գրաված տարածքները ենթակա չեն վերադարձման:

Հատկանշական է, որ առաջին հերթին Հայ եկեղեցու ոտնահարված իրավունքների պաշտպանության ձայն բարձրացնողների շարքում էին ամերիկյան հրեաները, որոնք խիստ կարեւորում են բարեկամական հարաբերությունները ԱՄՆ-ում բնակվող հայերի հետ` այն ազգի, որը դեռեւս Հոլոքոստից շատ վաղուց եղեռնի դաժանությունն է զգացել իր կաշվի վրա: Ամերիկայի հրեական հանձնաժողովը լուրջ անհանգստություն ցուցաբերեց Հայ պատրիարքարանի հողերի զավթման առնչությամբ: Հանձնաժողովի ղեկավարությունն Իսրայելի պաշտպանության նախարարությանը կոչ արեց պահպանել Հայ եկեղեցու իրավունքները` պատը կառուցելիս:

Հատուկ նշանակություն ունեցավ Կաթոլիկ եկեղեցու առջնորդ Յոհան-Պավել Երկրորդի խոսքը, որը նույնպես իր անհանգստությունը հայտնեց իսրայելական բանակի անօրինական գործողությունների կապակցությամբ: Համայն հայության կաթողիկոս Գարեգին Երկրորդին հասցեագրված ուղերձում նա հայտարարել է, որ աջակցում է Երուսաղեմի Հայ պատրիարքարանի իրավունքների պաշտպանությանը ուղղված քայլերը: Հռոմի Պապը Վատիկանի արտաքին հարաբերության բաժնին հանձնարարել է կոչով դիմել Իսրայելի կառավարությանը անարդարացիություն թույլ չտալ բաժանող պատի շինարարությանն առնչվող խնդիրների լուծման ընթացքում: Պատրիարքարանի հողերի զավթման դեմ են հանդես եկել նաեւ կրոնական այլ դավանանքների առաջնորդները: Վարչապետ Արիել Շարոնին ուղղված ուղերձում Եկեղեցիների Ազգային միության գլխավոր քարտուղար Ռոբերտ Էդգարը շեշտել է, որ տվյալ փաստը անհանգստացնում է կրոնական փոքրամասնություններին հենց Իսրայելում:

Իրադրությունը վրդովմունք է առաջացրել նաեւ Միացյալ ազգերի կազմակերպությունում: ՄԱԿ-ի կրոնական ազատության գծով հատուկ զեկուցող Ա. Ամորը Իսրայելի ղեկավարությանն է ուղարկել պաշտոնական դիմում, որով պահանջել է «հետեւել միջազգային համապատասխան նորմերին» Հայ պատրիարքարանի սուրբ հողերի հարցում: Միջազգային նորմերի ակնհայտ խախտում է նկատել նաեւ միջազգային մամուլը: Օրինակ` բրիտանական ,Financial Timesե-ն այն ենթադրությունն է արել, թե հողերի զավթման գլխավոր պատճառն այն է, որ Իսրայելը ցանկանում է միանձնյա իրավունք ապահովել Հիսուս Քրիստոսի գերեզմանի հանդեպ, իսկ Հայ եկեղեցին ակամայից հայտնվել է տարածքային պայթյունավտանգ վեճի կենտրոնում: Ազդեցիկ թերթի հավաստմամբ, հայկական կողմի բողոքներին Իսրայելի իշխանությունը պատասխանել է, որ հողերի զավթման հրամանը անփոփոխելի է:
Համապատասխան աշխատանք է տարվել նաեւ ԱՄՆ-ում հայկական լոբբիստական կառույցների կողմից: Ամերիկայի հայկական համագումարը նամակներով դիմել է նախագահ Ջորջ Բուշին, պետքարտուղար Քոլին Փաուլեին եւ ազգային անվտանգության խորհրդական Կոնդոլիզե Ռայսին: Բանն հասել է նրան, որ Վաշինգտոնում Իսրայելի դեսպան Դանիել Այլոն ստիպված է եղել պատասխան տալ իր կառավարության պլանների առնչությամբ: «Իսրայելի ղեկավարությունն ամենեւին չի վիճարկում Երուսաղեմի Հայ պատրիարքարանի սեփականության իրավունքը Բեթլիեմի տարածքում գտնվող հողերի հանդեպ»,- հայտարարել է նա: Սա առաջին հրապարակային վկայությունն էր այն մասին, որ Թել Ավիվը պատրաստ է զիջել:

Հայ պատրիարքարանի հողերը զավթելու փորձերից հրաժարվելու մասին Իսրայելի ղեկավարության որոշումը կարելի է համարել հայկական դիվանագիտության հաջողությունը: Երուսաղեմի Հայ եկեղեցու առաջնորդարանին Թել Ավիվի ներկայացրած ձեւակերպումը սկզբունքորեն կարելի է ընդունելի համարել: Իսրայելական կողմը նախեւառաջ պարտավոր է եկեղեցուն փոխհատուցել պատճառած նյութական վնասի համար: Նախատեսվում է Հայ պատրիարքարանի տարածքով զորքի տեղաշարժի հստակ կարգ համաձայնեցնել: Համաձայնագրի նախագծի կետերից մեկի համաձայն, բանակի ներկայացուցիչները պատրիարքարանի տարածք կարող են մտնել միայն արքեպիսկոպոսի համաձայնության դեպքում եւ համապատասխան գումար վճարելուց հետո: Համաձայնագրում կամրագրվեն նաեւ բաժանող պատի լայնությունը եւ բարձրությունը:
Սակայն, անլուծելի է մնում հիմնական խնդիրը: Մինչ այժմ հստակություն չկա այն հարցում, թե արդյոք կպահպանվի Երուսաղեմի քրիստոնեական մասի ամբողջությունը: Ինչպես հայտնի է, կառուցվող պատը կոչված է ամրագրելու Իսրայելի գերիշխանությունը Երուսաղեմի հայկական մասի վրա, այն դեպքում, երբ ուղղափառ-կաթոլիկ հատվածը հրեաները պատրաստ են զիջել Պաղեստինի: Սա անընդունելի է բոլոր երեք դավանանքների ղեկավարների համար, որոնց Երուսաղեմի եպիսկոպոսները համարվում են Աստծո գերեզմանի պահապանները: Վատիկանը, Կոնստանտնուպոլիսը եւ Էջմիածինը միակարծիք են այն հարցում, որ ողջ քրիստոնյա Երուսաղեմը պետք է լինի մեկ պետության կազմում: Մինչ այժմ ոչ մի հիմք չկա հուսալու, որ այդ հարցը հեշտությամբ կլուծվի: Սա նշանակում է, որ հայկական Երուսաղեմի ճակատագիրը նախկինի պես հարցականի տակ է: