AM
25 September 2002 - 00:00 AMT

ԹՈՒՐՔԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՏԺՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՐՋԱՓԱԿՄԱՆ ԴԵՄ ԵԼՈՒՅԹ ՈՒՆԵՑՈՂ ԻՐԵՆՑ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ

Թուրքիայում Ադրբեջանի դեսպան Մամեդ Ալիեւը վերջերս անձամբ հաստատել է, որ Հայաստանի հետ տնտեսական համագործակցության կողմ հանդես եկող Թուրքիայի քաղաքացիները խստորեն պատժվում են: Լրագրողների հետ զրույցում նա հայտարարել է, որ «այդ անձանց նկատմամբ թուրքական իշխանությունները համապատասխան միջոցներ են ձեռնարկում»: Նրա խոսքերով` «երկրի արեւելյան մի քանի շրջանների ղեկավարներն արդեն հեռացվել են զբաղեցրած պաշտոններից` Հայաստանի հետ առեւտրային կապեր հաստատելու փորձեր անելու համար»: Դիվանագետը հավաստիացրել է, որ Ադրբեջանի դեսպանատունն իր հերթին նույնպես համապատասխան քայլեր է ձեռնարկում Անկարայի եւ Երեւանի միջեւ երկխոսության հաստատման փորձերը չեզոքացնելու ուղղությամբ: Դեսպանի հատուկ զայրույթն է առաջացնում այն հանգամանքը, որ «հայերի հետ տնտեսական համագործակցության կողմ են արտահայտվում նույնիսկ Հայաստանի հետ սահմանամերձ թուրքական տարածքում բնակվող որոշ ադրբեջանցիներ: Այս մասին տեղյակ է նաեւ Ադրբեջանի նախագահը: Վերջերս Կարս այցելության ժամանակ Հեյդար Ալիեւը հայտարարել է, որ «Հայաստան հաճախ են այցելում ադրբեջանիցիներ Կարսից, որոնք այդ քայլին են գնում չնչին շահույթի համար»:

Ադրբեջանական դեսպանը հաստատել է այն տեղեկատվությունը, որ Կարսի եւ Իգդիրի շրջաններում տեղական ինքնակառավարման մարմինների գիտությամբ եւ անուղղակի հովանավորությամբ որոշակի ուժեր շարունակում են քարոզել հայ-թուրքական սահմանի բացման եւ պետական մակարդակով երկու երկրների միջեւ առեւտրային հարաբերությունների հաստատման օգտին: Հիշեցնենք, որ այս շրջաններում արդեն հավաքվել է հայ-թուրքական սահմանի բացման կողմնակիցների 23 հազար ստորագրություն: Չնայած նշված փաստի զանգվածային լինելուն, դեսպանը գտնում է, որ անհանգստանալու կարիք չկա, քանի որ «պաշտոնական Անկարան այդ հարցում իր սկզբունքային դիրքորոշումը պահպանում է, եւ խոսք լինել անգամ չի կարող Հայաստանի հետ որեւէ տեսակի համագործակցության մասին»:

Միեւնույն ժամանակ, մեկ այլ ադրբեջանական դիվանագետ, Թուրքիայում Ադրբեջանի նախկին հյուպատոս Աբաս Աբդուլան այլ կարծիք ունի: Նա համոզված է, որ թուրքերը պետք է բացեն Հայաստանի հետ սահմանը: Ինչպես տեղեկացնում է Բաքվում հրատարակվող «525-րդ» թերթը, այս մասին վերջերս հայտարարել է անձամբ նախկին դիվանագետը: Վերջին շրջանում Բաքվի մամուլն այս հարցին առավել հաճախ է ուշադրություն դարձնում, եւ որքան էլ զարմանալի է, երբեմն նաեւ հնարավորություն է տալիս արտահայտվելու Ադրբեջանում չտարածված Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ բարիդրացիական հարաբերությունների հաստատման անհրաժեշտության կողմանկիցներին: Օրերս կենտրոնական թերթերից մեկում տպագրվել է հայ-թուրքական տնտեսական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Կայան Սոյակի հետ հարցազրույցը, որում ձեռներեցը եւ հասարակական գործիչը նշել է, որ Անկարան եւ Երեւանը կարող են նորմալ տնտեսական հարաբերություններ հաստատել, իսկ Ադրբեջանը կարող է միանալ եւ արագացնել այդ գործընթացը:

Չնայած Հայաստանի հետ երկխոսության հաստատման կողմնակիցների հանդեպ աճող պատժամիջոցների ալիքին, Թուրքիայում քիչ չեն այն մարդիկ, որոնք հրապարակայնորեն դեմ են արտահայտվում Անկարայի իրականացվող տրանսպորտային եւ տնտեսական շրջափակմանը: Կայան Սոյակն իր ձեռնարկումներում միայնակ չէ: Նմանատիպ դիրքորոշումներով են հանդես գալիս նաեւ երկրում ոչ պակաս ազդեցիկ այլ գործիչներ: Շրջափակման անհեռանկարային լինելու մասին են այսօր խոսում եւ Կարսի քաղաքապետ Նաիֆ Ալիբեյօղլին, եւ Բորսայի միության նախագահ Ռֆաթ Հիսահջօղլին, եւ Առեւտրա-արդյունաբերական պալատի նախագահ Իգդիր Թայար Օրալը, եւ Ազգային անվտանգության խորհրդի անդամ Հասան Կոնին, ու խորհրդարանի պատգամավոր Գյունուլ Սարայը եւ շատ ուրիշներ: Այս մարդկանց հանդեպ սկսված ուղղակի եւ անուղղակի սպառնալիքները Հայաստանի հետ հարաբերությունները մերժող ներկա իշխանությունների հոգեւարքի վկայությունն են: Երկխոսության բոլոր կողմնակիցներին պատերազմ հայտարարած ղեկավարներին հաշված շաբաթներ են մնացել: Քիչ չեն հիմքերը ենթադրելու, որ հոկտեմբերին կայանալիք արտահերթ ընտրությունները նոր առաջնորդներ երեւան կբերեն, որոնք առավել սթափ կընկալեն իրականությունը: