Կասկած չկա, որ Ռուսաստանի զինվորական բարձրագույն ղեկավարները հայ նախարարի հետ հանդիպման ընթացքում չեն շրջանցի Մոսկվայի եւ Թբիլիսիի միջեւ հակասությունների զարգացման հեռանկարների թեման: Ինչպես հայտնի է, Պանկինսի հիմնախնդրի կարգավորման հարցում Ռուսաստանի կոշտ դիրքորոշմանը վրացական օրենսդիրներն արձագանքեցին հանրապետության տարածքից ռուսական զինվորական բազաների դուրս բերման արագացման պահանջով: Դրանցից ամենամեծը գտնվում է հայերով բնակեցված Ախալքալաք քաղաքում: Վերջին իրադարձությունները պաշտոնական Երեւանին դարձնում են եթե ոչ այս գործընթացների ուղղակի մասնակիցը, ապա` հակասությունների խաղաղ կարգավորմամբ հետաքրքրված կողմ: Վերջերս Հայաստանի արտաքին գործերի նախարարը հայտարարեց, որ Երեւանը պատրաստ է հանդես գալ միջնորդական առաքելությամբ` կարգավորելու համար երկու հարեւան երկրների միջեւ առկա հակասությունները: Այս նախաձեռնության հանդեպ Ռուսաստանի եւ Վրաստանի արձագանքների մասին դեռեւս ոչինչ հայտնի չէ: Հիշեցնենք, որ Մոսկվա այցելելուց ոչ շատ առաջ Սերժ Սարգսյանը հնարավորություն ունեցավ համեմատել Երեւանի եւ Թբիլիսիի դիրքրոշումները. պաշտոնական այցով իրար ետեւից Հայաստան ժամանեցին Վրաստանի պաշտպանության նախարարը եւ հայերով բնակեցված Սամցխե-Ջավախեթիայի շրջանի նահանգապետը:
Բացի քաղաքական, ռազմական եւ ռազմա-տեխնիկական խնդիրներից, հայ նախարարաը լիազորված է Մոսկվայում բանակցել նաեւ տնտեսական համագործակցության զարգացման շուրջ: Նախատեսված է, որ Սարգսյանը կհանդիպի նաեւ տնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի ռուս համանախագահ, արդյունաբերության, գիտության եւ տեխնոլոգիաների նախարար Իլյա Կլեբանովի հետ: Առկա տեղեկությունների համաձայն, նախատեսվող քննարկումներում դրված է հայ-ռուսական համատեղ օբյեկտ հանդիսացող հայկական ատոմակայանի համար Հայաստան վառելիքի առաքման հեռանկարների հարցը: Հայաստանի կառավարությունը հույս ունի Ռուսաստանից ձեռք բերել 6 միլիոն 700 հազար դոլարի արժողության միջուկային վառելիք: Ինչ վերաբերում է նախկին առաքումների դիմաց պարտքին, ապա, վստահելի աղբյուրների տեղեկատվության համաձայն, կառավարությունը մտադիր է գրավ դնել էներգետիկայի ոլորտի մի քանի շահութաբեր ձեռնարկություններ: Մասնավորապես, խոսքը Սեւան-Հրազդան կասկադի հիդրոէլեկտրակայանի մասին է:
Բանակցությունների ընթացքում Սարգսյանը եւ Կլեբանովը կշոշափեն նաեւ Հայաստանի նախկին պարտքերի դիմաց Ռուսաստանին անցած ռազմավարական օբյեկտների լավագույնս օգտագործման հարցը: Հիշեցնենք, որ հարյուր միլիոն դոլար էր (այսքան էր կազմում հայկական պարտքը) գնահատվել հինգ ձեռնարկություն եւ գիտական հաստատություն, որոնք հիմնականում աշխատում էին ռազմական արդյունաբերության ոլորտում: Դրանց թվում են հանրապետության ամենամեծ հիդրոէլեկտրակայանը, ռոբոտների արտադրության գործարանը, մաթեմատիկական մեքենաների ինստիտուտը: Այժմ Երեւանում ռուսական փորձագետները շարունակում են ուսումնասիրել այս օբյեկտների հնարավորությունները առավել ռացիոնալ օգտագործելու ձեւերը:
Կարելի է ենթադրել, որ հայ-ռուսական համագործակցության համանախագահները կքննարկեն նաեւ ռուսների սեփականությունը դարձած ձեռնարկությունների ղեկավարման մեթոդները: Տեղեկություններ կան այն մասին, որ այժմ քննարկվում են հայկական մի քանի օբյեկտները Ռուսաստանում հայերի միության նախագահ, ձեռներեց Արա Աբրահամյանի վստահելի ղեկավարմամանը հանձնելու հնարավորությունները: Առկա տեղեկատվության համաձայն, Սարգսյանը Մոսկվայում ոչպաշտոնական հանդիպում կունենա «Ռուսաստանում գլխավոր հայի» հետ:
Պաշտոնական այցից հետո պաշտպանության նախարարը կմեկնի Աթենք, որտեղ բանակցություններ կվարի իր մեկ այլ ռազմավարական գործընկեր, Հունաստանի զինվորական ղեկավարի հետ: Իսկ հայրենիք վերադառնալուց անմիջապես հետո կսկսի պատրաստվել Կիեւի իր գործընկերի Երեւան այցելությանը: Ուկրաինայի պաշտպանության նախարարի առաջին այցը Երեւան կկայանա հոկտեմբերի հինգին: