AM
16 October 2002 - 00:00 AMT

ԵՎՐՈՊԱՆ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ԱՆԿՈՂՄՆԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԻՑ

Այսպիսով, լիովին անտեսված են Անկարայի պահանջները, որը պնդում էր կասեցնել ԵՄ-ին Կիպրոսի անդամակցության հարցը մինչեւ կղզու հույն եւ թուրք բնակչության միջեւ առկա հակամարտության վերջնական կարգավորումը: Կիպրոսի հյուսիսում բնակվող թուրքերի կարծիքով, նախքան ԵՄ-ի կազմում հայտնվելը, Նիկոսիան պետք է ընդուներ ինքնակոչ «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության» անկախությունը: Եվ միայն դրանից հետո, թուրքերի պատկերացմամբ, կիպրոսյան երկու պետություն պետք է ընդունվեին ԵՄ-ի կազմում, ընդ որում, Թուրքիայի հետ միաժամանակ, որը հյուսիսցիների իրավունքների պաշտպանության երաշխավորը կդառնար:

Հասկանալի է, որ նման անհեթեթ սցենարը երբեւէ չէր կարող իրականանալ: Սակայն, հենց այն փաստը, որ եվրոպացիները որոշել են արագացնել միասնական Կիպրոսին ԵՄ-ի կազմում ընդունելը, արդեն իսկ շատ բան է նշանակում: Անկարան այսքան վիրավորված չէր զգա իրեն, եթե Եվրահանձնաժողովը հանձնարարեր Եվրախորհրդարանին ժամանակավորապես հետաձգել Կիպրոսին միության կազմում ներգրավելու որոշումը եւ վերանայել այն մի քանի տարի հետո Եվրամիության կազմում Թուրքիային ընդունելու հարցերի փաթեթի հետ միասին: Եվրամիության գործադիր մարմինը համարեց, որ կիպրոսցիները պարտավոր չեն տարիներով սպասել, մինչեւ թուրքերը պատրաստ կլինեն քաղաքակիրթ ազգերի ընտանիք մտնելուն: Սա բավականին հատկանշական է, քանի որ մինչ այժմ եվրոպացիները փորձում էին արհեստական անկողմնակալություն ցուցաբերել տարածաշրջանային հակամարտություններին առնչվող խնդիրներում:

Այս նախադեպը կարեւոր է նաեւ Հայաստանի համար, որը նույնպես շատ անգամ է տուժել «անկողմնապահության սկբունքի» կիրառումից: Ժամանակին, այն պատճառով, որ Ադրբեջանը պատրաստ չէր բավարարել Եվրոպայի խորհրդի պահանջները, մենք ստիպված էինք հետաձգել այդ կազմակերպությանը անդամակցելու հարցը: Այժմ, երբ Ստրասբուրգում ուսումնասիրվում է կովկասյան երկրների ԵԽ-ի առջեւ վերցված պարտավորությունների կատարման հարցը, նույնպես հավասարության նշան են դնելու Երեւանի եւ Բաքվի միջեւ: Ինչպես հայտնի է, ԵՄ-ի կազմում Հարավային Կովկասի երկրներին ընդգրկելու գործընթացը սկսելուն ուղղված ստորագրություններ են այժմ հավաքվում Եվրախորհրդարանում: Վաղ թե ուշ այդ հարցը օրակարգ կմտնի, եւ այդ ժամանակ, գուցե, մենք այլեւս ստիպված չենք լինի մեր ետեւից տանել Ադրբեջանին: