AM
13 November 2002 - 00:00 AMT

«ԱԼ ՔԱԻԴԱՆ» ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՆԵՐԽՈՒԺԵԼ ԵՎՐՈՊԱ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՎ

Այս անգամ, ինչպես սպասվում է, ահաբեկիչների թիրախը կդառնան Հին աշխարհի քաղաքները: Կան տվյալներ, որոնց համաձայն ահաբեկիչները մտադիր են օգտագործել թունավոր գազ: «Թայմսը» տեղեկատվություն ունի նախապատրաստվող ակցիայի իրականացնողներին Եվրոպա փոխադրելու մասին: Հեղինակավոր պարբերականի մեկնաբանը պնդում է, որ ահաբեկիչների ճանապարհն անցնելու է Ադրբեջանով կամ Թուրքիայով, որտեղ մինչ օրս գործում են Ուսամա բեն Լադենի ղեկավարած կազմակերպության ճյուղավորումները:

Սա բրիտանացիների առաջին նախազգուշացումը չէ Բաքվից եկող վտանգի մասին: Գրեթե մեկ ամիս առաջ Միացյալ Թագավորության արտաքին քաղաքականության վարչությունը Ադրբեջանը ներառել է այն պետությունների ցուցակում, որտեղ Ձերդ Գերազանցության հպատակները կարող են վտանգի ենթարկվել: Արտաքին գործերի վարչության հաշվետվության մեջ խոսվում է Ադրբեջանում օտարերկրացիներին սպասվող վտանգի մասին: Նշվում է, որ «այդ երկիր մեկնող բրիտանացիները պետք է չափազանց զգույշ եւ աչալուրջ լինեն», քանի որ «հայտնի է այստեղ գործող ահաբեկչական խմբավորումների մասին»: Նմանատիպ զգուշացում է հրապարակվել նաեւ Մեծ Բրիտանիայի Արտաքին գործերի նախարարության ինտերնետային էջում:

Ադրբեջանում գտնվող իրենց համաքաղաքացիների համար են անհանգստանում նաեւ Բրիտանական միության այլ երկրները: Մասնավորապես, Ավստրալիայի կառավարությանը անհանգստացնում են միջազգային ահաբեկիչների կապերը Բաքվի հետ: Այս երկրի արտաքին գործերի գերատեսչությունը հանդես է եկել նախազգուշացմամբ, որում ասվում է, որ Ադրբեջանում օտարերկրացիները կարող են ենթարկվել ահաբեկիչների հարձակումներին: Ավստրալիայի քաղաքացիներին առաջարկվում է նվազագույն կապեր ունենալ այդ երկրի հետ: Իսկ ովքեր ամեն դեպքում կորոշեն մեկնել Բաքու, խորհուրդ է տրվում չափազանց ուշադիր լինել հասարակական վայրերում. ռեստորաններ, բարեր, հյուրանոցներ, առեւտրական կենտրոններ, տաճարներ:

Բաքվում նույնպես խոստովանում են, որ Ադրբեջան ժամանած օտարերկրացիների անվտանգությունը երաշխավորված չէ: Արդեն վաղուց Բաքվի մամուլում քննարկվում են ահաբեկիչների հարձակման առավել հնարավոր օբյեկտները: Ադրբեջանական «Թրասթ» անվտանգության ընկերության փոխնախագահ Էմիլ Սուլեյմանովը «Էխո» թերթին տրված հարցազրույցում հավաստել է, որ իրենց կատարած վերլուծությունը հնարավորություն է տվել բարձր ռիսկային խմբում ներառել քաղաքի կենտրոնում գտնվող հյուրանոցները, ռեստորանները եւ պիցերիաները , Շատրվանների հրապարակում գտնվող ճաշարանների ցանցը, ինչպես նաեւ կենտրոնական հանրախանութը, դպրոցները եւ բուհերը:

Ակնհայտ է, որ, ինչպես եւ Բալի կղզում տեղի ունեցած պայթյունի դեպքում, ահաբեկիչների հարվածն առաջին հերթին ուղղված կլինի օտարերկրացիներին, մասնավորապես` եվրոպացիներին: Այս փաստը եվրոպական երկրների քաղաքացիներին պետք է ստիպի
լրջորեն մտածել նախքան Ադրբեջան մեկնելը: