AM
26 February 2003 - 00:00 AMT

ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԹՎԱԲԱՆՈւԹՅԱՆ ԽԱՌՆԱՇՓՈԹԸ

Սա նշանակում է, որ տոկոսային հարաբերությամբ գործող նախագահը հավաքել է 49,48 (նախկինում` 49.8), իսկ ընդդիմության առաջնորդը` 28.22 (նախկինում` 28.3) ձայն: Երրորդ տեղում հայտնված թեկնածուի օգտին թվերի ճշգրտման արդյունքում ավելացել է նախապես չհաշվարկված 3000 ձայն: Արդյունքում նա ունի ձայների 17.66 տոկոսը: Մնացած թեկնածուների հաջողություններն արտացոլող ցուցանիշները նվազագույն փոփոխություններ են կրել: Ինչպես նախնական, այնպես էլ վերջնական արդյունքները վստահություն չեն ներշնչում ընդդիմությանը: Գործող նախագահի մրցակիցներն այլ թվեր են ներկայացնում, որոնք, նշենք, որ հաճախ ոչ միայն հակասում են միմյանց, այլ նաեւ տրամաբանության սահմաններում չեն տեղավորվում: Հակադրենք դրանցից մի քանիսը:

Ստեփան Դեմիրճյանի ընտրական շտաբի կազմակերպած ցույցերում շարունակվում են հնչել հայտրարություններ այն մասին, թե փետրվարի 19-ին ՀԺԿ կուսակցության առաջնորդը հավաքել է ձայների 70 տոկոսը: Միաժամանակ մեկ այլ ընդդիմադիր գործիչ Պարույր Հայրիկյանը, համաձայնելով Դեմիրճյանի կողմնակիցների հետ, թե ընտրախախտումները եղել են գործող նախագահի օգտին, հավաստում է, որ եթե ընտրություններն արդար անցնեին, ապա Ռոբերտ Քոչարյանի հետ երկրորդ փուլ պետք է դուրս գար Արտաշես Գեղամյանը: Եթե ենթադրենք, որ երկու պնդումներն էլ արդարացի են, ապա ստիպված պետք է լինենք ընդունել, որ արդյունքում մենք համաձայն ենք խոսել ոչ թե 100 տոկոսի, այլ` ավելի քան 200-ի մասին: Մաթեմատիկոսները մեզ չեն ների:

Զեղչենք այս թվերը, հաշվի առնելով, որ այս տվյալները տարբեր ընդդիմադիր թեկնածուների շտաբներից են ստացվել: Կենտրոնանանք նրանցից մեկի թիմից ստացված տեղեկությունների վրա: Դեմիրճյանի ընտրական շտաբի անդամ Աշոտ Սարգսյանը օրերս հայտարարել է, որ «ընտրություններում պարտություն կրած Ռոբերտ Քոչարյանը, ընդդիմության ունեցած տվյալների համաձայն, հավաքել է ոչ թե 49, այլ` 42 տոկոս: Սա կրկին անգամ հաստատում է թվաբանությունից չհասկացող ՀԺԿ առաջնորդի մի քանի համախոհների հայտարարած թվերի լիակատար աբսուրդ լինելը: Չէ որ, եթե 70 տոկոսին ավելացնենք 42, միաժամանակ չմոռանանք նաեւ մյուս թեկնածուների ձայները, ապա ընդհանուր թիվը կստանանք 135 տոկոս:

Բացի այդ: Փետրվարի 20-ին Կոմկուսի երկրորդ քարտուղար Սանատրուկ Սահակյանը հայտարարեց, որ գործող նախագահը գրավել է երրորդ տեղը: Այս փաստն առավել խճճում է իրադրությունը եւ ընդհանուր տոկոսների չափը հասցնում մինչեւ 160-ը: Ժամանակակից գիտությունը նմանատիպ հայտնագործությունները չի խրախուսում: Դեմիրճյանի շտաբի ղեկավար Գրիգոր Հարությունյանը, նմանապես վստահ լինելով իր առաջնորդի հաղթանակի մեջ, մի առիթով խոսելով խախտումների կազմակերպման ձեւերի մասին` հրապարակավ հայտարարել է, որ իրականում քվեարկությանը մասնակցել է 300 հազար մարդ պակաս, քան հայտարարվել է: Թեկնածուի «աջ ձեռքը» ենթադրում է, որ 300 հազար ավել քվեաթերթիկները օգտագործվել են հօգուտ Ռոբերտ Քոչարյանի: Ենթադրենք: Բայց այս դեպքում նույնպես Հարությունյանը հակասում է ինքն իրեն: Եթե գործող նախագահի ձայներից հանենք 300 հազարը, միեւնույն է կստացվի, որ Քոչարյանն ավելի է հավաքել, քան Դեմիրճյանը:

Մնում է միայն նշել, որ ընդդիմության որոշ առաջնորդների մոտ թվաբանության հետ խնդիրներ առաջ են եկել դեռ մինչեւ քվեարկության օրը: Այսպես, եթե հավատանք «Ա1+» հեռուստաընկերության ինտերնետային էջին, ապա հունվարի վերջին իշխանության կողմից պատվիրված սոցիոլոգիական հարցումների անարդար տեխնոլոգիաները մեկնաբանելով` Արշակ Սադոյանը հայտարարել է, որ ընդդիմությունը սեփական սոցիոլոգիական հարցումներն է անցկացրել, որոնք հաստատել են, որ Ռոբերտ Քոչարյանը 18 տոկոսով գրավում է 8-րդ տեղը: Եթե գործող նախագահի վարկանիշը 8-րդ տեղում է նրան կանգնեցրել, ապա պետք է ենթադրել, որ նրան նախորդող 7 քաղաքական գործիչներն այդ պահին առավել շատ կողմնակիցներ ունեին: Այսինքն, վերակազմյալ ժողովրդական-դեմոկրատականնների առաջնորդը հավատում է այն հնարավորությանը, թե բոլոր թեկնածուների վարկանշային տոկոսը կարող է կազմել 145:

Զարմանալի է, իսկ չէ որ Ստեփան Դեմիրճյանին շրջապատող մարդկանց թվում քիչ չեն ճշգրիտ գիտությունների թեկնածուները եւ նույնիսկ դոկտորները: Իսկ նրանց մեջ բավականին շատ են նաեւ մաթեմատիկոսները…