Օրերս, Վաշինգտոնի դիվանագիտական աղբյուրներին հղում անելով, թուրքական մամուլում տպագրվել է հայտարարարություն այն մասին, որ Սպիտակ տունը սպառնացել է ընդունել հայերի ցեղասպանությունը, այն դեպքում, եթե Թուրքիան չդադարի պատերազմին մասնակցելու գնի շուրջ սակարկելը: Հիշեցնենք, որ ամերիկացիներին իրենց օդակայաններից եւ նավահանգիստներից, ռազմական բազաներից օգտվելու իրավունք տալու համար Անկարան Վաշինգտոնից պահանջել էր 32 միլիարդ դոլար, ժամանակակից ռազմական տեխնիկա, ինչպես նաեւ` Կիպրոսի հիմնախնդրում դիվանագիտական աջակցություն եւ Եվրամիության անդամակցություն: Բացի այդ, թուրքերը պնդում են երաշխիքներ ապահովել, որ Իրաքի հյուսիսում բնակվող քուրդերին չի թույլատրվի ինքավարություն ձեւավորել:
Թուրքերի ախորժակը շատ ամերիկացիների զայրացնում է: Հայտնի է, որ հենց Վաշինգտոնի աջակցության շնորհիվ Թուրքիան հնարավորություն ունեցավ Համաշխարհային բանկի Միջազգային արժութային հիմնադրամից միլիարդավոր վարկեր ստանալ, որի արդյունքում հնարավոր եղավ երկրի տնտեսությունը փրկել ճգնաժամից: Թուրքիան աշխարհի ամենամեծ պարտապաններից է, սակայն Սպիտակ տունն անընդհատ հոգ է տանում, որպեսզի ասիական գործընկերոջը չմերժեն նորանոր փոխատվություններ տրամադրել: Հաշվի առնելով Միացյալ նահանգների հոգատարությունը` ենթադրելի էր, որ Անկարան մեծ զիջումների պետք է գնար:
Ամերիկյան քաղաքագետները նշում են, որ թուրքերի պահանջած գինը համարժեք չէ փոխարենը Ամերիկային տրվելիքի հետ: Սակայն ամենից շատ Վաշինգտոնին ապշեցնում է թուրք ղեկավարների անհաստատակամ տրամադրվածությունը եւ կառավարության խոստումներն իրականացնելու անկարողությունը: Վարչապետ Աբդուլ Գյուլային համակել է Սպիտակ տան առաջարկն ընդունելու գայթակղությունը, սակայն նա չի կարող հաշվի չնստել հասարակական կարծիքի հետ, որը դեմ է Իրաքի դեմ պատերազմում երկրի մասնակցությանը: Այդ իսկ պատճառով, կառավարությունը ժամանակ է ձգում եւ անընդհատ բարձրացնում է գինը` փորձելով մեղմել համերկրացիների վրդովմունքը:
«Մեր գործընկերներից եւ ոչ մեկն այսքան գլխացավ չի պատճառում, որքան Թուրքիան»: Պաշտոնական Անկարայի պահվածքն այսպես է բնութագրել ամերիկյան դիվանագետը, որի խոսքը մեջբերում է «Ջիմհուրիեթթ» թերթը: Այս պարբերականի տվյալներով, Վաշինգտոնն այլեւս չի կարող հանդուրժել Անկարայի խաղերը եւ սպասում է վերջնական ու հստակ պատասխանի: Իսկ թուրքերի` ճանապարհի կեսին կանգնելու փորձերը կանխելու նպատակով Պետդեպարտամենտը սպառնացել է «ազդեցության արդյունավետ միջոցների» կիրառմամբ: «Ջիմհուրիեթթը» տեղեկություններ ունի այն մասին, որ Հուսեյնի վարչակարգի դեմ ռազմական օպերացիայի աջակցության անլիարժեք եւ անառարկելի չլինելու դեպքում, Միացյալ նահանգները խոստանում է դադարեցնել ՄԱՀ-ի եւ Համաշխարհային բանկի կողմից տրամադրվող վարկերը, նպաստել Իրաքի քուրդ փոքրամասնության ինքնուրույնության ձեւավորմանը եւ հրաժարվել կոնգրեսի վրա հակազդելուց հայերի ցեղասպանության ընդունման հարցում: «Կոնգրեսում հայերի կողմնակիցները վաղուց են սպասում հարմար առիթի ցեղասպանության ընդունման բանաձեւի արշավը վերսկսելու համար»,- գրում է թերթը` մեկնաբանելով թուրք գործընկերների հետ երկխոսության ժամանակ ամերիկյան դիվանագետների կողմից կիրառվող մեթոդները:
Նշենք, որ նույն այդ «հայերի կողմնակիցները», որոնց թիվն ԱՄՆ-ի օրենսդրական մարմնում հասնում է 120-ի, վերջերս հանդես են եկել պահանջով հրաժարվելու Անկարայի պայմաններից, որն իրեն թույլ է տալիս Վաշինգտոնի հետ խոսել վերջնագրի լեզվով: Կոնգրեսի հայկական խմբի համանախագահ Ֆրենկ Պալոնեն երկուշաբթի օրը Պետդեպարտամենտի քարտուղար Քոլին Փաուելին նամակ է հասցեագրել, որում կոչ է արել հրաժարվել Թուրքիային 32 միլիարդ դոլար տրամադրելուց: Խմբի ղեկավարի կարծիքով բարոյական չէ սակարկել մի երկրի կառավարության հետ, որն իրականացնում է ճնշումներ ազգային փոքրամասնությունների հանդեպ, շարունակում է Հյուսիասյին Կիպրոսի զավթումը եւ հրաժարվում է ընդունել հայերի ցեղասպանության անհերքելի փաստը:
Հիշեցնենք, որ 2000թ.-ի աշնանը գործադիր իշխանության անմիջական միջամտությունը միայն կանխեց 1915 թ.-ի իրադարձությունները ցեղասպանություն որակող «Հայկական բանաձեւի» ընդունումը, որն արժանացել էր կոնգրեսի երկու պալատների հավանությանը: Եթե վարչակազմը դադարի կոնգրեսականների վրա ճնշում գործադրել, ապա բանաձեւը կրկին կմտնի օրակարգ եւ այդ ժամանակ դժվար թե ինչ-որ բան փրկի Թուրքիային: