Ընդդիմության առաջնորդները նախկինի պես պնդում են, որ հրապարակված արդյունքները չեն համապատասխանում իրականությանը: Ընտրություններին հաջորդող ամբողջ շաբաթվա ընթացքում Դեմիրճյանի կողմնակիցները բողոքի ցույցեր կազմակերպեցին` պահանջով ընտրությունները ճանաչել չկայացած: Վերջին երկու օրերին ԿԸՀ-ի շենքի մոտ ընդդիմությունը նստացույց էր կազմակերպել «Ստեփան Դեմիրճյանն է ժողովրդի ընտրած նախագահը» կարգախոսով: Ի տարբերություն իր կողմնակիցների, ինքը` Ստեփան Դեմիրճյանը, երբեւէ ուղղակիորեն չի հայտարարել, որ իրեն համարում է ընտրված նախագահ: Նա միայն խոսում է բազմաքանակ ընտրակեղծիքների մասին: Թեկնածուի խոսքերով, ընտրություններին մասնակցողների թիվը գերազանցված է: «Ես ինձ նախագահ չեմ հայտարարում: Ես պարզապես ասում եմ, որ չեմ հավատում, թե Ռոբերտ Քոչարյանը միլիոնից ավելի ձայն է հավաքել»,- հայտարարել է Դեմիրճյանն ընտրություններից անմիջապես հետո տեղի ունեցած մամլո ասուլիսին: ՀԺԿ-ի առաջնորդն ընտրությունների արդյունքները մտադիր է վիճարկել Սահմանադրական դատարանում: Միեւնույն ժամանակ նա իր ուշադրությունը նախագահական ընտրություններից ուղղել է մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին: Դեմիրճյանը համոզված է, որ կկարողանա առաջնայնության հասնել Ազգային ժողովում, ինչպես հաջողվեց նրա հորը հինգ տարի առաջ: (Նախագահական ընտրություններում պարտություն կրելուց ընդամենը մեկ տարի հետո Կարեն Դեմիրճյանը դարձավ խորհրդարանի խոսնակ):
Եթե Դեմիրճյանը գրեթե պատրաստ է հաշտվել ընտրությունների արդյունքների հետ, ապա նույնը չի կարելի ասել նրա գլխավոր համախոհների` «Հանրապետություն» կուսակցության ղեկավարների մասին: քաղաքական իրավիճակի լարվածությունը խորացնում է նաեւ այն, որ վերջերս այս արմատական քաղաքական ուժի առաջնորդի անունը հիշատակվում է Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության նախագահ Տիգրան Նաղդալյանի սպանության հետաքննության մեջ: Ինչպես հայտնի է, անցյալ շաբաթ իրավապաշտպան մարմինները ձերբակալել են հանցագործության իրականացման եւ կազմակերպման վեց մասնակցի: Հաստատված է, որ մարդասպանի եւ առայժմ անհայտ պատվիրատուի միջեւ որպես միջնորդ է հանդես եկել «Հանրապետություն» կուսակցության առաջնորդի մորեղբոր տղան: Հանցավոր խմբի անդամների մեջ է այս կուսակցության առաջնորդի եւս մեկ բարեկամ: Այն, որ հետախուզական մարմինները հանցագործության թելը փնտրում են ընդդիմության բանակում, նյարդային ցնցում է առաջացնում Ստեփան Դեմիրճյանի կողմնակիցների մոտ:
Միաժամանակ, առավել հստակեցվում են մեծ տերությունների արձագանքները Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ: ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի մամլո քարտուղար Ռիչարդ Բաուչերը հինգշաբթի հանդես է եկել հայտարարությամբ` անուղղակիորեն աջակցելով հայկական ընդդիմությանը: Խոսնակն անմիջականորեն հասկացրել է, որ Վաշինգտոնն ըմբռնումով կընդունի ընդդիմության հիմնավոր բողոքները: Ճիշտ հակառակ դիրքեր են գրավել Մոսկվան, Փարիզը եւ Պեկինը: Նախագահներ Պուտինը, Շիրակը եւ Ձեմինը Ռոբերտ Քոչարյանին են ուղարկել շնորհավորական հեռագրեր նախքան ԿՀԸ-ը կհայտարարեր ընտրված նախագահի անունը, որն էլ եւ տեղական վերլուծաբանները դիտում են միանշանակ աջակցություն գործող նախագահին: Ուշադրության արժանի է այն, որ պարոն Քոչարյանին շնորհավորել են այն պետությունների առաջնորդները, որոնք բացասականորեն են ընդունում Իրաքում պատերազմ սկասելու` Միացյալ նահանգների մտադրությունները: Հայաստանը կրկին անգամ մեծ տերությունների համար հարաբերությունները ճշտելու միջոց է դառնում: