AM
12 June 2003 - 00:00 AMT

ՀԱՅԱՍՏԱՆՈւՄ ՆՈՐ ԻՇԽԱՆՈւԹՅՈւՆ է

Կոալիցիայի առաջնորդն է նախկինում ղեկավարող Հանրապետական կուսակցությունը, որին հաջողվեց խորհրդարան բերել 32 պատգամավոր` սրանով հնարավորություն ստեղծելով վերահսկել ձայների գրեթե մեկ քառորդը: Բացի այդ, հանրապետականները բավականաչափ կողմնակիցներ ունեն անկուսակցական պատգամավորների շրջանում: Քանակով երկրորդ ֆրակցիան «Օրինաց երկիրն է»: Այն ունի 22 ձայն, որից 12-ն ապահովել են համամասնական ընտրությունները: Կոալիցիայի երրորդ մասնակիցը դարձավ «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը` ստանալով 11 մանդատ: Առաջին երկու քաղաքական ուժերը իրար մեջ բաժանեցին կառավարության ղեկավարի եւ խորհրդարանի խոսնակի պաշտոնները: Նախարարների կաբինետը կշարունակի ղեկավարել հանրապետականների առաջնորդ Անդրանիկ Մարգարյանը: Ազգային ժողովի նախագահ ընտրվեց «Օրինաց երկիր» կուսակցության հիմնադիր Արթուր Բաղդասարյանը: Նրան կողմ էին քվեարկել մասնակից 131 պատգամավորներից 92-ը: (26 ընդդիմադիրներ բոյկոտել էին առաջին նիստը): Դաշնակցականները ստացան փոխխոսնակի պաշտոնը, որը վստահվեց կուսակցության բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանին: Խորհրդարանի երկրորդ դեմքի դերը մնացել է հանրապետական Տիգրան Թորոսյանին:

Ինչ վերաբերում է խորհրդարանական հանձնաժողովներին, ապա դրանցիցի երեքի ղեկավարումը կհանձնարարվի ՀՀԿ-ին: Հանրապետականները կստանան պետա-իրավական, ֆինանսա-վարկային, գիտության, կրթության եւ մշակույթի հարցերով հանձնաժողովները: Դաշնակները նախընտրել են արտաքին հարաբերությունների ոլորտը: Այս հանձնաժողովը ղեկավարելը, կարելի է ասել, կնշանակի, որ Արմեն Ռոստամյանին կվստահվի նաեւ Հայաստանը Ստրասբուրգում ներկայացնող պատվիրակության ղեկավարումը: Իսկ սա էլ իր հերթին կնշանակի, որ հենց նա էլ կլինի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահի 17 տեղակալներից մեկը: Նմանատիպ պաշտոն է այսօր զբաղեցնում Ադրբեջանի նախագահի որդի Իլհամ Ալիեւը: ԵԽԽՎ-ի հայկական պատվիրակության նախկին ղեկավարը փոխխոսնակ չընտրվեց հենց միայն այն պատճառով, որ առաջիկայում խորհրդարանական ընտրություններն էին:

Կառավարությունում այսպես են դասավորվել պաշտոնները. ՀՀԿ-ին յոթ պորտֆել, երեքական` «Օրինաց երկրին» եւ «Դաշնակցությանը»: Նախագահը պահպանել է ուժային կառույցների ղեկավարների, Արդարադատության եւ Արտաքին գործերի նախարարների նշանակման իր իրավասությունը: Այդ պաշտոնները կշարունակեն զբաղեցնել Սերժ Սարգսյանը (պաշտպանություն), Հայկ Հարությունյանը (ոստիկանություն), Կառլոս Պետրոսյանը (ազգային անվտանգություն), Դավիթ Հարությունյանը եւ Վարդան Օսկանյանը: «Օրինաց երկրի» երկրորդ դեմք Սերգո Երիցյանը կղեկավարի կրթության եւ գիտության նախարարությունը, որը մինչ այժմ դաշնակցական Լեւոն Մկրտչյանի պարտականությունն էր: Հետաքրքրական է, որ «Օրինաց երկրին» տրված քաղաքաշինության նախարությունը նախկին կառավարության օրոք նույնպես դաշնակցականներինն էր: Կուսակցական ցուցակի երրորդ տեղը զբաղեցրած Թամարա Պողոսյանը ստանձնեց մշակույթի նախարարի պաշտոնը:

Դաշնակցականները ստացել են գյուղատնտեսության, սոցիալական ապահովման եւ առողջապահության ոլորտների ղեկավարումը: Նախկինում շինարարության հարցերով զբաղվող Դավիթ Լոքյանն այժմ կհամակարգի գյուղատնտեսության ոլորտը: Իսկ կուսակցությունում գաղափարախոսության պատասխանատու Աղվան Վարդանյանը կկենտրոնանա սոցիալական ապահովության խնդիրների վրա: Նախարարների իրենց պաշտոնները կպահպանեն Հովիկ Աբրահամյանը` Տարածքային կառավարման, Վարդան Խաչատրյանը` Ֆինանսների եւ էկոնոմիկայի, Կարեն Ճշմարիտյանը` Տնտեսական զարգացման, Անդրանիկ Մանուկյանը` Կապի եւ տրանսպորտի, Վարդան Այվազյանը` Բնապահպանության:

Իշխող կոալիցիայի կուսակցությունները նախագահի հետ դեռեւս չեն պայմանավորվել մարզպետների պաշտոնավարման մասին: Երեւանի քաղաքապետը եւ մի շարք մարզերի ղեկավարներն արդեն իսկ հրաժարական են տվել` գիտակցելով, որ խորհրդարանական մեծամասնություն ձեւավորած ուժերը հավակնություններ կունենան նաեւ տարածքային կառավարման ոլորտում: Մարզպետների պաշտոնների բաժանումը կուսակցությունների միջեւ, ամենայն հավանականությամբ, կպայմանավորվի խորհրդարանում իրենց ներկայացուցչության քանակով: Կոալիցիայում չընդգրկված ուժերը հավելյալ լծակներ չստացան Ազգային ժողովի ներսում եւ գործադիր իշխանությունում ազդեցություն ունենալու համար: Ի տարբերություն նախկին խորհրդարանի, որտեղ ընդդիմությանն էր վստահված երեք խորհրդարանական հանձնաժողով, օրենսդիր նոր մարմնում բոլոր մեխանիզմները կհամակարգվեն իշխող միավորման կողմից: Նոր ղեկավարները որոշել են, որ թե իշխանությունը, թե դրա արդյունավետության պատասխանատվությունը չարժե կիսել: Որքանով է այս տրամաբանությունը արդարացված, ցույց կտա ժամանակը: